18.11.2026
Պապիկյանն ու Հնդկաստանի ՊՆ նախարարը քննարկել են համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայկական ալկոհոլային արտադրանքը Վրաստանում նոր խոչընդոտների առաջ է կանգնել

Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային արտադրանքի արտահանումը կրկին լուրջ դժվարությունների է բախվել։ Նոյեմբերի 13-ից ընթացքում վրացական կողմը կտրուկ խստացրել է հայկական բեռների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է Shamshyan.com—ը։


Խնդրի մասին ահազանգում են բեռնափոխադրողներն ու ալկոհոլային արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունները՝ դժգոհելով ստեղծված իրավիճակից և դրա հետևանքով առաջացող ֆինանսական ու կազմակերպչական խնդիրներից։


Կոնյակ, գինի և այլ ալկոհոլային խմիչքներ տեղափոխող հայկական բեռնատարները կանգնեցվում և տեղափոխվում են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Գեյզիի տարածք։ Բեռներից նմուշներ են վերցվում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության։Սպասումը կարող է տևել օրեր, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ շաբաթներ։ Այս ընթացքում արտահանողները ստիպված են լինում կրել լրացուցիչ ծախսեր, ուշացնել մատակարարումները և բախվել պայմանագրային պարտավորությունների կատարման խնդիրների։


Ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը հասկանալի է․ խոսքը պարզապես սահմանային ստուգումների մասին չէ, այլ մի գործընթացի, որի տևողությունն ու ավարտը կանխատեսելն անհնար է։


Առայժմ հստակ պատասխան չկա, թե ինչով է պայմանավորված վրացական կողմի կողմից վերահսկողության այս խստացումը և որքան ժամանակ է այն շարունակվելու։


Փաստորեն, հայկական արտադրանքը դեռ Ռուսաստան չհասած՝ ստիպված է անցնել վրացական լաբորատոր «փորձությունների» միջով։ Իսկ այդ փորձությունների համար վճարում են ոչ միայն արտահանողները, այլև ամբողջ մատակարարման շղթան։

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը