Հայաստանում կներդրվեն ապրանքների հետագծելիության և որակի վերահսկողության մեխանիզմներ
Հայաստանում նախատեսվում է ներդնել ապրանքների հետագծելիության և որակի վերահսկողության նոր մեխանիզմներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այդ համակարգերը թույլ կտան վերահսկել ներքին շուկայում վաճառվող ապրանքների որակը։
«Շուտով հետագծելիության մեխանիզմներ ենք դնելու և որակի վերահսկողության այնպիսի համակարգեր ենք դնելու, որ մենք ինքներս ասելու ենք՝ այս ապրանքները չես կարող վաճառել»,- ասել է Պապոյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե որոշ արտադրողներ իրենց արտադրանքը չեն կարողանում արտահանել եվրոպական կամ այլ շուկաներ և ստիպված են այն իրացնել Հայաստանում, նախարարը նշել է, որ հայկական շուկան նույնպես բարձր պահանջներ ունի։
Նրա խոսքով՝ Հայաստանի սպառողների պահանջները բարձրացել են, և չի կարելի ենթադրել, թե արտասահմանյան շուկաներում չիրացված անորակ արտադրանքը հնարավոր է վաճառել ներքին շուկայում։