Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման շարունակությունը կապել է նոր Սահմանադրության հանրաքվեի արդյունքի հետ․ եթե քաղաքացիները մերժեն նախագիծը, նա հրաժարական կտա, իսկ ընդունելու դեպքում հաջորդ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու։ Այս առաջարկը նա ընդդիմությանն է ներկայացրել նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստում։
«Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես՝ խոսքը իմ մասին է, անձամբ իմ մասին է, ես հրաժարական եմ տալիս։ […] Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես ասում եմ, որ ես հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ երկրորդ դեպքում մտադիր է մինչև հաջորդ ընտրությունները շարունակել պաշտոնավարումը՝ խաղաղության օրակարգն իրականացնելու նպատակով։ Հանրաքվեում նախագծի մերժումը, իր գնահատմամբ, կնշանակի, որ այդ օրակարգը չի ստացել հանրության աջակցությունը՝ առնվազն իր ներկայացրած ձևով։
Փաշինյանը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ տեքստը դեռ ամբողջական տարբերակով չի շրջանառվել կառավարությունում և պետք է դառնա հետագա քննարկումների ու լրամշակման հիմք։
Միաժամանակ վարչապետը սահմանել է այդ քննարկումների քաղաքական շրջանակը՝ հայտարարելով, որ նախագիծը կարող է փոփոխվել, սակայն պետք է մնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության սահմաններում։
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը Փաշինյանը կրկին կապել է Անկախության հռչակագրի դրույթների հետ։ Նրա գնահատմամբ՝ «Արևմտյան Հայաստան» հասկացությունն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանն առնչվող հղումը պետությունը դնում են հակամարտության տրամաբանության մեջ։ Վարչապետը պնդել է, որ նոր Սահմանադրությունը պետք է Հայաստանը դուրս բերի այդ տրամաբանությունից։
Նա «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններից, ինչպես նաև հանրաքվեին «ոչ» ասելու շուրջ համախմբված ուժերից պահանջել է հստակեցնել՝ աջակցո՞ւմ են արդյոք «Միացյալ Հայաստանի» տեսլականին և Ղարաբաղի ու Ադրբեջանի հայերի վերադարձին։ Փաշինյանի պնդմամբ՝ վերադարձի հարցի բարձրացումը հանգեցնում է ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հակադարձ պահանջների՝ վերարտադրելով առճակատումը։
Վարչապետն իր առաջարկի մերժումը ներկայացրել է որպես ընդդիմության համար քաղաքական հետևանքներ ունեցող ընտրություն։ «Եթե ընդդիմությունը հրաժարվի ինձ հեռացնելու այս տարբերակներից, […] մենք ենք իրենց հեռացնելու»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով այդ ձևակերպման գործնական իմաստը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ իր քաղաքական վստահելիությունը կապում է այս գործընթացի արդյունքում խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման հետ։ Միաժամանակ նա ընդունել է, որ քաղաքացիները կարող են իր հրաժարականին հասնել նաև հանրաքվեից առաջ, եթե համաձայն չեն կառավարության ընտրած ուղղությանը։
Կառավարության նիստում հանրաքվեի անցկացման կոնկրետ ամսաթիվ չի նշվել։