19.11.2026
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը նախատեսում է դեկտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպել Պուտինին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է դեկտեմբերի 3-ին Մոսկվա աշխատանքային այց կատարելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նախնական պայմանավորվածության մասին։ Դա կլինի դեկտեմբերին նախատեսվող նրա երեք այցերից մեկը․ մյուս երկուսը կապված են ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում հանդիպումների հետ։


Նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ նախատեսում է քննարկել ընթացիկ հարցերը՝ չմանրամասնելով բանակցությունների օրակարգը։


«Դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ այց կունենամ աշխատանքային Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կունենանք քննարկումներ»,- ասել է վարչապետը։


Նրա խոսքով՝ դեկտեմբերի 11–12-ին նախատեսված է ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը, իսկ ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն առաջնորդների ամենամյա հանդիպումները՝ ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով։ Փաշինյանն ընդգծել է, որ այդ միջոցառումները վաղուց էին ծրագրված, իսկ Պուտինի հետ առանձին հանդիպման մտադրության մասին կողմերը հայտնել էին դեռ Բիշքեկում կայացած բանակցություններից հետո։


Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցին՝ վարչապետը հայտարարել է, որ այն օրակարգ է մտել Հայաստանի ներքին գործընթացների արդյունքում, և Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չունի։


«Մենք էլ ենք ընդունում, որ այդպիսի հարց լինելու է և այդպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է, և մենք դա չենք էլ թաքցրել։ Հարցը այդ հանրաքվեի ժամկետների և դրա հարակից բովանդակության բավարար չափով հասունացած լինելու մեջ է»,- ասել է Փաշինյանը՝ հանրաքվեի կոնկրետ ժամկետ չնշելով։


Հայաստան-Ռուստաստան հարաբերություններում տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկը անվտանգության երաշխիքների շուրջ վեճն է։ Երևանը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին մեղադրում է 2021–2022 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ պարտավորությունները չկատարելու մեջ։ Մոսկվան մերժում է այդ քննադատությունը՝ մատնանշելով ՀԱՊԿ առաջարկած օգնության փաթեթը, որը Երևանը չէր ընդունել՝ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականի բացակայության պատճառով։


Այս տարաձայնությունների պայմաններում Հայաստանը 2024 թվականին սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նոյեմբերի 11-ին կազմակերպությունը Հայաստանին զրկել է քվեարկելու և իր քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքներից՝ որպես հիմք նշելով անդամավճարների պարտքը։ Հայաստանը, սակայն, պաշտոնապես չի դուրս եկել ՀԱՊԿ-ից։


Մյուս տարաձայնությունը վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցմանը։ Մոսկվան պնդում է, որ Երևանը պետք է ընտրություն կատարի եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև։ Հոկտեմբերին ԵԱՏՄ մյուս չորս երկրների ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի նկատմամբ միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին զեկույց։ Երևանը մերժել է դրա հիմնավորումները՝ հայտարարելով, որ չի խախտում ԵԱՏՄ պարտավորությունները։


Քաղաքական տարաձայնություններին զուգահեռ առաջացել են նաև առևտրային խոչընդոտներ։ ԵՄ խորհրդի գնահատմամբ՝ Ռուսաստանի սահմանած սահմանափակումները խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ փոխադրումները, ինչին ի պատասխան Բրյուսելը նախաձեռնել է Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ։ Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին և մասնակցել դրա աշխատանքներին։

Հռոմում տեղի են ունեցել հայ-իտալական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
19.11.2026
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպումից