Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին
Վրաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխություններից։ Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երկխոսությունը պետք է շարունակվի մի պարզ պատճառով. Ռուսաստանի ժողովուրդը մեզ համար թանկ է։ Ռուսաստանը մեր հարևան երկիրն է։ Քաղաքականությունը փոխվում է, սակայն ժողովուրդը մնում է ժողովուրդ։ Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք միևնույն է հարևաններ կմնանք»,— Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Tabula պորտալը։
Կոբախիձեն ընդգծել է, որ հենց այդ պատճառով երկու երկրները պետք է պահպանեն երկխոսությունը։ Նա նաև հնարավոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջև բանակցությունների անցկացումը։
Նրա խոսքով՝ այս ձևաչափի սկզբունքային պայմանն այն է, որ հանդիպումներն անցկացվեն հերթով՝ երկու երկրների մայրաքաղաքներում։