26.11.2026
Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ
prev Նախորդ նորություն

Մեզ հերոսների մասին ֆիլմեր են պետք. կայացավ «Մոնթե» կենսագրական ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ Հայաստանի և Արցախի ազգային հերոսի կյանքին ու անցած ուղուն նվիրված «Մոնթե» կենսագրական ֆիլմի պրեմիերան։

«Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարից հետո սա Genetic Production-ի երկրորդ մասշտաբային նախագիծն է, որը մեկտեղել է մշակույթի, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին ու արվեստասեր հանրությանը։

Ֆիլմի սցենարային առանցքը կառուցված է բացառապես իրական փաստերի, արխիվային նամակների, Մոնթեի գրվածքների ու ինքնաքննադատական նյութերի հիման վրա։ Ստեղծագործական խմբի համար կարևորագույն ձեռքբերումներից է եղել համագործակցությունը Մոնթեի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ, որն անմիջական մասնակցություն է ունեցել սցենարի մշակման աշխատանքներին։

Ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը, ամփոփելով անցած բարդ ու պատասխանատու ճանապարհը, առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց տիկին Սեդային՝ ընդգծելով, որ առանց նրա այս պատմությունը չէր կայանա։ Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմը բացահայտում է Մոնթեին դեռ մանկության տարիներից՝ ԱՄՆ-ում մեծացող տղայի, որի համար ծնողների հայերենն անգամ սկզբում օտար լեզու էր, մինչև այն պահը, երբ նրա մեջ «ժայթքեց» հայկական գենը։


«Հերոսների մասին ֆիլմեր եմ նկարահանում նաև իմ երեխայի համար, որպեսզի սերունդներին իրական հերոսներ թողնենք»,– նշել է Նոնա Սարգսյանը։

Կինոնկարի ռեժիսորն ու բեմադրող օպերատորը Սուրեն Սաֆարյանն է, որը նախկինում աշխատել էր «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Նրա դիտարկմամբ՝ Մոնթեի շուրջ հյուսված բազմաթիվ լեգենդների կողքին իրենք փորձել են ներկայացնել հենց իրական փաստերը՝ գեղարվեստական լուծումներով։

«Պարտավորեցնող է նման աշխատանքը հանրության դատին հանձնելը։ Միամիտ չեմ, որ մտածեմ, թե բոլորն են հավանելու՝ որևէ գործ հնարավոր չէ, որ բոլորին դուր գա, բայց ինձ շատ հաճելի կլինի, եթե ֆիլմը հավանեք»,– պրեմիերայի ընթացքում ասաց ռեժիսորը։

Մոնթե Մելքոնյանին մարմնավորել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Սեդայի կերպարը կերտել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը։ Վլադիմիր Մսրյանը խոստովանում է, որ կերպարի վրա աշխատելիս խորությամբ ուսումնասիրել է Մոնթեի աշխարհայացքն ու հոգեբանությունը, ինչն իր մեջ էլ փոխել է շատ արժեքներ.
«Բացարձակ արժեքներ ունեցող մարդուն խորն ուսումնասիրելուց հետո չես կարող չփոխել հայացքներդ, չեն կարող չփոխվել հայրենասիրության չափն ու տեսակը»։ Իսկ Հռիփսիմե Նահապետյանի համար Մոնթեն արդար հայ է ու հայրենասեր, որի պակասն այսօր առավել քան զգացվում է։

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմից հետո Խորեն Լևոնյանը «Մոնթե»-ում կրկին վերադարձել է Վազգեն Սարգսյանի կերպարին՝ նշելով, որ մեծ հաճույքով է ընդունել առաջարկը և կարևորում է հայրենիքը պաշտպանած զինվորականների ու հրամանատարների մասին պատմող ֆիլմերի շարունակականությունը։

Կինոնկարի ստեղծագործական թիմում ընդգրկված են նաև կոմպոզիտոր Մարտին Միրզոյանը, նկարիչներ Մաքսիմ Հակոբյանն ու Տիգրան Սարգսյանը, գծային պրոդյուսեր Նարեկ Սողոյանը, իսկ պաստառի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է։ «Մոնթե» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։

 Լուսանկարը` primeminister.am
26.11.2026
Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում դիտարկում է ոչ թե զիջումներ, այլ լուծումներ