Հայաստանն ու Միացյալ Նահանգները մեկ շաբաթվա ընթացքում կստորագրեն TRIPP նախագծի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը, որից հետո ընկերությունը կգրանցվի Հայաստանում և կկարողանա անցնել գործնական աշխատանքների։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բաժնետիրական համաձայնագրին կառավարության հավանություն տալու կապակցությամբ։
«Մենք թևակոխում ենք TRIPP նախագծի իրագործման հերթական կարևոր փուլը և այս փուլում արդեն իսկ արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մինչ հայ-ամերիկյան ընկերության ձևավորումը Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, Սյունիքում իրականացվում են երկաթուղու համար նախատեսված տարածքի մաքրման և շինհրապարակի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռ ընթանում են ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։
«Երբ TRIPP-ի զարգացման ընկերությունն արդեն ամբողջական ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն և հնարավորինս ժամանակ քիչ կորցնենք»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ ինչպես տնտեսական մասշտաբով, այնպես էլ ֆինանսական առումով TRIPP-ը, հարակից գործընթացները հաշվի առնելով, թերևս Հայաստանի անկախությունից ի վեր իրականացվելիք ամենախոշոր տնտեսական նախագիծն է։ Նա նաև ընդգծել է նախագծի իրականացման թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Կառավարության որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լիազորվել է Հայաստանի կառավարության անունից բաժնետիրական համաձայնագիրը ստորագրել ամերիկյան «TDC US Inc.» ընկերության հետ։ Փաստաթղթով կկարգավորվեն ընկերության բաժնետերերի իրավասությունները, փոխհարաբերությունները և բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրացման կարգը։
TRIPP-ի զարգացման ընկերության բաժնետերերը կլինեն Հայաստանի կառավարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ամբողջությամբ պատկանող «TDC US Inc.» ընկերությունը։ Բաժնետոմսերի 74%-ը սկզբնական փուլում կպատկանի ամերիկյան, իսկ 26%-ը՝ հայկական կողմին։
Հայաստանի Ազգային ժողովը հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացրել է հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 12-ին ընդունել է TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը։
TRIPP նախագծի իրականացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքների զարգացում։