Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցման չափը կվերանայվի՝ ըստ եկամուտների
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերանայել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմը՝ ավելի մեծ աջակցություն տրամադրելով ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ Նախատեսվում է փոփոխություններն ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին կառավարության նիստում հայտնել է, որ համապատասխան նախագիծը դեռ մշակման փուլում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ գործող համակարգով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը նույնն է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց եկամուտների մակարդակից։ Նա առաջարկել է վերանայել այս մոտեցումը՝ միջոցները վերաբաշխելով հօգուտ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների։
«Կարծում եմ՝ 10 մլն դրամ ստացող մարդկանց սոցիալական վարկերի չափը պետք է կրճատել և այդ միջոցներն ուղղել 100 հազար դրամ ստացողներին»,- ասել է Փաշինյանը։
Թե եկամտային ինչ շեմեր կսահմանվեն և որքան կփոխվի փոխհատուցման չափը քաղաքացիների տարբեր խմբերի համար, առայժմ չի հստակեցվել։
Սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգը ներդրվել է Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում։ Այն եկամտային հարկ վճարող և տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին հնարավորություն է տալիս վճարված եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ իրենց և ընտանիքի անդամների կրթության ու առողջապահության գծով կատարված որոշակի ծախսերի դիմաց։
Գործող կարգավորմամբ՝ կրթական ծախսերի համար տարեկան առավելագույն փոխհատուցումը կազմում է 100 հազար դրամ, առողջապահական ծախսերի համար՝ 50 հազար դրամ։ Ընդ որում, երկու ուղղություններով փոխհատուցման ընդհանուր չափը չի կարող գերազանցել տարեկան 100 հազար դրամը։