Հայաստանում երկաթուղային գծի առանցքից մինչև 50 մետր հեռավորության վրա կառուցապատման համար անհրաժեշտ կլինի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը։ Կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում սահմանել է երկաթուղու պաշտպանական գոտիներում կառուցապատման նոր կարգ՝ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկից երեք օր անց։
Որոշմամբ սահմանվում են այդ տարածքներում թույլատրելի կառուցապատման տեսակները, համաձայնեցման ընթացակարգերն ու ժամկետները։
Մասնավորապես, քաղաքաշինական նորմերի պահպանմամբ թույլատրվում է կառուցել, վերակառուցել և հիմնանորոգել ավտոմոբիլային ճանապարհներ, կայանատեղեր, կանգառներ, երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների սպասարկման համար նախատեսված, ինչպես նաև արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, այդ թվում՝ կապի ենթակառուցվածքներ։
Կառուցապատման առաջարկությունը համաձայնեցնելու համար համայնքի ղեկավարը պետք է նախարարություն ներկայացնի հողամասի տեղադիրքի, երկաթուղուց դրա հեռավորության, սեփականության կամ այլ գրանցված իրավունքների և առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ։ Անհրաժեշտ կլինի նաև հիմնավորել նախատեսվող կառույցի կարևորությունը համայնքի համար և այլ համարժեք հողամաս տրամադրելու անհնարինությունը։
Նախարարությունը փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է համաձայնություն տա կամ ներկայացնի հիմնավորված մերժում։ Սահմանված ժամկետում պատասխանի բացակայության դեպքում առաջարկությունը կհամարվի համաձայնեցված։
Քաղաքաշինության կոմիտեի գնահատմամբ՝ որոշմամբ ակնկալվում է «հստակեցնել և կանոնակարգել երկաթուղու պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործընթացները»։
Կառավարությունը երկաթուղու պաշտպանական գոտիների չափերը սահմանել էր դեռևս 2025-ի օգոստոսին, սակայն այդ տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացակարգերը մինչ այժմ կարգավորված չէին։
Որոշումն ընդունվել է հայ-ամերիկյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի ֆոնին։ Նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սկսվել են նախագծով նախատեսված երկաթուղու շինհրապարակի նախապատրաստական աշխատանքները։ TRIPP-ի շրջանակում նախատեսվում է զարգացնել երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքները։
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։