Կառավարությունն առայժմ դեմ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատժի խստացմանը
Լուսանկարը` aliqmedia.am
Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում այս փուլում կրկին խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մի շարք հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Գործադիրն առաջարկում է նախ գնահատել 2026-ի մայիսին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունավետությունը և ուսումնասիրել գործող պատժամիջոցների կիրառման արդյունքները։
Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի տասը հոդվածներում՝ խստացնելով թմրամիջոցների և հոգեմետ ու այլ վերահսկվող նյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Մասնավորապես, վեց հանցակազմերի դեպքում առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարուց հասցնել երեքի, ինչպես նաև համապատասխան հոդվածներով բացառել տուգանքը՝ որպես պատժատեսակ։
Կառավարության համոզմամբ՝ պատիժների խստացման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի վիճակագրական տվյալներով և գործող պատժամիջոցների արդյունավետության գնահատմամբ։
«Հակառակ պարագայում առկա է առանց բավարար հիմնավորման քրեական քաղաքականության խստացման վտանգ»,- ասված է կառավարության առաջարկության մեջ։
Գործադիրը նաև մտահոգություն է հայտնել տուգանքը որպես պատժատեսակ բացառելու առաջարկի առնչությամբ՝ նշելով, որ դա կսահմանափակի դատարանների՝ պատիժն անհատականացնելու հնարավորությունը։ Բացի այդ, ազատազրկման առավելագույն ժամկետի ավելացման հետևանքով մի շարք արարքներ ոչ մեծ ծանրության հանցանքների փոխարեն կդասակարգվեն որպես միջին ծանրության հանցանքներ։
Կառավարության գնահատմամբ՝ հանցավորության կանխարգելման տեսանկյունից ավելի կարևոր են ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը, հանցագործությունների ժամանակին բացահայտումն ու դրանց նպաստող պայմանների վերացումը։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մի շարք հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը խստացվել էր դեռևս 2026-ի մայիսի 11-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով։ Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև անչափահասներին այդ գործընթացում ներգրավելը մի շարք հոդվածներով սահմանվել էին որպես ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներ։
Կառավարության ֆինանսական եզրակացության համաձայն՝ Վարդևանյանի հեղինակած օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել նաև պետական բյուջեի եկամուտների նվազման և ծախսերի ավելացման։