Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի չեղարկման հնարավորությունը՝ չնայած Երևանի եվրոպական ինտեգրման քաղաքականության վերաբերյալ Մոսկվայի առարկություններին։
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի ոչ թե զիջումների, այլ փոխադարձ շահերը հաշվի առնող լուծումներ գտնելու տրամաբանությամբ։
«Ես Ռուսաստանի Դաշնության հետ կապված կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին, որովհետև մեր խնդիրն այն է, և մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի Դաշնությունն էլ մեզ վնաս պետք է չհասցնի»,- նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետն օրենքի չեղարկման անհնարինությունը հիմնավորել է նրանով, որ այն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, այլ ոչ թե կառավարության կամ քաղաքական նեղ շրջանակի որոշմամբ։ Բացի այդ, նրա խոսքով՝ օրենքի շուրջ բանավեճը եղել է նաև Հայաստանում անցկացված ընտրությունների օրակարգում, և ընտրողների մեծամասնությունը պաշտպանել է այդ քաղաքականությունը։
«Ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը, բայց էլի եմ ասում՝ որն է խոսակցության և երկխոսության նպատակը՝ գտնել լուծումներ, որովհետև ես չեմ կարծում, որ կան իրավիճակներ, որտեղ հնարավոր չի լուծումներ գտնել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վնասելու նպատակ չունի և նույնպիսի վերաբերմունք է ակնկալում Մոսկվայից։ Միաժամանակ, նրա խոսքով՝ հարգելով Ռուսաստանի ինքնիշխանությունն ու շահերը՝ Երևանն առաջնահերթություն է տալիս Հայաստանի սեփական ազգային շահերին։
Վարչապետի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը ոչ թե խորանում է, այլ նվազում, ինչը նա պայմանավորել է հայկական կողմի բարեկամական դիրքորոշմամբ։
«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, վիճելու մտադրություն չունենք, մենք ուղղակի բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք, և այդ խոսակցությունը շարունակվելու է»,- նշել է Փաշինյանը։
Մոսկվան Երևանից ակնկալում է ընտրություն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անհնար է։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեռևս 2025-ի մարտին զգուշացրել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում Մոսկվան կվերանայի Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը։
2026-ի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի ուշ հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն ակնկալում է՝ Երևանը մինչև դեկտեմբեր որոշում կկայացնի հանրաքվեի անցկացման վերաբերյալ։
Հայաստանի Ազգային ժողովը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել է 2025-ի մարտի 26-ին։ Օրենսդրական նախաձեռնության հիմքում «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության՝ 2024-ին անցկացրած ստորագրահավաքն էր, որի ընթացքում անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52 հազարը։
Օրենքի ընդունումը, սակայն, չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացում։
Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Դեկտեմբերի 3-ին Փաշինյանը նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը դեկտեմբերին Ռուսաստան ևս երկու այց է նախատեսում՝ ամսի 11-ին և 22-ին։