26.11.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կրկին չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե իշխանություններին չհաջողվի Ազգային ժողովում ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայները։ Միաժամանակ, վարչապետը մտադիր է նախ հանրային քննարկումներ անցկացնել, ապա նախագիծը ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը։


«Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին»,- նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ անկախ ընդդիմության հետ երկխոսության արդյունքներից՝ իշխանությունները պետք է նոր Սահմանադրության նախագիծը քննարկեն հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։


«Ազգային ժողովում, կարծում եմ, անխուսափելիորեն պետք է լինի քննարկում, անխուսափելիորեն պետք է լինի քվեարկություն, քվեարկության արդյունքներով արդեն հետագա իրադարձությունների մասին կմտածենք»,- ասել է վարչապետը։


Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննադատություններին՝ Փաշինյանը շեշտել է, որ հրապարակված փաստաթուղթը նախնական նախագիծ է, և իշխանությունները պատրաստ են քննարկել ներկայացվող փաստերն ու փաստարկները։ Դա, սակայն, չի նշանակում, որ կառավարությունը պատրաստ է ընդունել բոլոր առաջարկները։


Դատական համակարգի փոփոխություններն իշխանության համար սկզբունքային են


Փաշինյանն ընդգծել է, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվող դատական համակարգի բարեփոխումներն իշխանության համար սկզբունքային նշանակություն ունեն։


«Դատական համակարգի հետ կապված փոփոխությունները մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն, և դա այն տառապալից հարցերից մեկն է, որ արդեն ութ տարի Հայաստանում կա»,- ասել է վարչապետը։


Նրա խոսքով՝ իշխանություններին քննադատում են ինչպես դատավորների վեթինգի հնարավորություն նախատեսելու, այնպես էլ նման մեխանիզմի բացակայության համար, ուստի անհրաժեշտ է քաղաքական ընտրություն կատարել։


Փաշինյանը կարևորել է նաև անկախ և ինքնավար մարմիններում խորհրդարանական ընդդիմության համար քվոտաներ նախատեսելու առաջարկը՝ առանձնացնելով Բարձրագույն դատական խորհուրդն ու Կենտրոնական բանկի խորհուրդը։ Վարչապետի համոզմամբ՝ այս մեխանիզմը ոչ թե կքաղաքականացնի այդ մարմինները, այլ լրացուցիչ երաշխիքներ կստեղծի դրանց կազմի ներառականությունն ապահովելու համար։


Սահմանադրական հանրաքվեի համար իշխանությանը վեց ձայն է պակասում


Գործող Սահմանադրության համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի կողմ ձայնը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 պատգամավոր։


Նոյեմբերի 20-ին Փաշինյանն ընդդիմությանը պաշտոնապես առաջարկել էր տրամադրել անհրաժեշտ վեց ձայնը՝ դրա դիմաց ստանձնելով քաղաքական պարտավորություններ։ Վարչապետը խոստացել էր հանրաքվեում նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նախագծի ընդունման դեպքում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։


Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ մերժել են Փաշինյանի առաջարկը։


Արտահերթ ընտրությունների հնարավորության մասին Փաշինյանը խոսել էր նաև հոկտեմբերի 22-ին։ Մեկ շաբաթ անց, սակայն, նա հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չառաջանալու հավանականությունը մեծ է՝ հույս հայտնելով, որ իշխանությունները կկարողանան ընդդիմությանն ընդունելի առաջարկ ներկայացնել։


Արդարադատության նախարարությունը նոր Սահմանադրության նախագիծը հրապարակել է նոյեմբերի 23-ին։ Փաստաթղթով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է իրականացնել դատավորների մեկանգամյա վերագնահատում, որոշ հանցագործությունների համար նախատեսել քաղաքացիությունից զրկելու հնարավորություն և ընդլայնել խորհրդարանական ընդդիմության մասնակցությունն անկախ ու ինքնավար մարմինների ձևավորմանը։


Նախագծի առանցքային փոփոխություններից է նաև նախաբանից Հայաստանի անկախության հռչակագրին հղման հեռացումը։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում են որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Փաշինյանը, սակայն, նոյեմբերի 23-ին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված չէ արտաքին ճնշումներով։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.11.2026
Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում դիտարկում է ոչ թե զիջումներ, այլ լուծումներ