Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօր
Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին։
Sputnik Արմենիայի հաղորդմամբ` բանակցությունները կկայանան կրճատված ձևաչափով. ռուսական կողմը կներկայացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Նա կհանդիպի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանի հետ։
Օրակարգում կլինեն երկաթուղու շահագործմանն ու արդիականացմանն առնչվող հարցերը։
Ռուսական պատվիրակության կրճատումը հավանաբար կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հետ։ Ռուսական կողմը, ըստ ամենայնի, սպասում է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներին։ Չի բացառվում, որ առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցը։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել է Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին. խմբ.)։