29.10.2026
Լուսանկարը` սքրինշոտ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը նոր Սահմանադրության հարցով արտահերթ ընտրությունները քիչ հավանական է համարում

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունման գործընթացը հնարավոր կլինի առաջ տանել առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմության հետ քաղաքական համաձայնության հասնելու հնարավորություն է ստեղծվել հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո, որոնց ընթացքում սահմանադրական փոփոխությունների հարցը կապվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հետ։


Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմության հարցադրումները կարող են հիմք դառնալ այնպիսի առաջարկի համար, որին ընդդիմադիր ուժերը դժվարությամբ կկարողանան մերժել։


«Երեկվա Ազգային ժողովի հարց ու պատասխանը ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել», – ասել է վարչապետը։


Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունն իր հարցադրումներով հնարավորություն է տվել սահմանադրական գործընթացի շուրջ հանրային ճնշում ձևավորել, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն աջակցեն նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։


«Իրենք երեկվա հարց ու պատասխանի արդյունքներով հնարավորություն տվեցին, որպեսզի մենք պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն [...] նոր Սահմանադրության հանրաքվեն», – հայտարարել է նա։


Վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ առաջարկ կարող է ներկայացվել ընդդիմությանը՝ ընդգծելով, որ այն դեռևս մշակված չէ։ «Շատ մեծ հնարավորություն ստեղծեցին, բայց այսօր չի այդ հնարավորությունը։ Մենք դեռ աշխատանք ունենք անելու, և ես այսօր չեմ կարող երաշխավորել, որ այդ առաջարկը կարողանամ ձևակերպել», – ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ հոկտեմբերի 28-ի խորհրդարանական քննարկման ընթացքում ընդդիմությունը բարձրացրել է հարց, թե արդյոք Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը լինելու է տարածաշրջանային խաղաղության գործընթացի վերջին հանգրվանը։ Փաշինյանը նշել է, որ պատրաստվում է կենտրոնանալ այդ հարցի պատասխանը գտնելու վրա։


Նախորդ օրը Ազգային ժողովում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը՝ հայտարարելով, որ եթե քաղաքացիները մերժեն նախագիծը, իշխանությունները հրաժարական կտան։


«Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ հենց այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի», – ասել էր Միրզոյանը։


Նոր Սահմանադրության ընդունումը շարունակում է մնալ իշխանության և ընդդիմության միջև տարաձայնությունների հիմնական հարցերից մեկը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726 819 ձայն՝ շուրջ 49,75 տոկոսը, և 105-տեղանոց Ազգային ժողովում զբաղեցրել 64 մանդատ։


Գործող Սահմանադրությամբ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի՝ 70-ի աջակցությունը։ Այսպիսով, իշխող ուժին անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների ևս առնվազն վեց ձայն։


«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նախկինում դեմ են արտահայտվել իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ պնդելով, որ գործընթացը պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով։


Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ առարկելով Անկախության հռչակագրին Սահմանադրության նախաբանում արված հղմանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Սահմանադրության ընդունումը երկրի ներքին հարցն է և չի կարող քննարկվել Ադրբեջանի հետ։


Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրության հանրաքվեի հարցում չհաջողվեր ստանալ ընդդիմության աջակցությունը։


Հոկտեմբերի 29-ին վարչապետը վերահաստատել է, որ նոր Սահմանադրության ընդունումը նախատեսված է եղել իշխող ուժի նախընտրական ծրագրով, որին 2026 թվականի ընտրություններում աջակցել է ավելի քան 700 հազար քաղաքացի։ Նրա խոսքով՝ կառավարությունն ունի այդ ծրագիրն իրականացնելու քաղաքական մանդատ։


Նոր Սահմանադրության նախագիծը դեռ չի հրապարակվել։ Ըստ վարչապետի՝ այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կուղարկվի Ազգային ժողով։

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ