29.10.2026
Ֆոն դեր Լայենը հրաժարվել է մեղմել Ռուսաստանի դեմ ԵՄ էներգետիկ պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Ողբերգական վթար Իսպանիայում. 68 զոհ, 77 վիրավոր, երկրում համազգային սուգ է

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 29-ից 31-ը եռօրյա համազգային սուգ է հայտարարել երկու արագընթաց գնացքների բախումից հետո, որի հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն:


Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Ուրդա քաղաքի մերձակայքում՝ Մադրիդից մոտ 140 կիլոմետր դեպի հարավ: Renfe ընկերության արագընթաց գնացքը բախվել է ռելսերի վրա կանգնած Iryo ընկերության շարժակազմին: Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից և շրջվել:


Վերջին տվյալներով՝ 77 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, նրանցից 15-ի վիճակը ծանր է: Երկու գնացքներում ընդհանուր առմամբ եղել է 544 ուղևոր:


«Այսօր Իսպանիան սգում է, ողջ Իսպանիան է սգում, և մենք մեր ողջ համերաշխությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին և հիվանդանոցում գտնվող տուժածներին, որոնց մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է աղետի վայր ժամանած վարչապետ Սանչեսը:


Իշխանությունները չեն բացառում զոհերի թվի հետագա աճը, քանի որ փրկարարները շարունակում են մաքրել վնասված վագոնները:


Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ բախումից առաջ համակարգչային խափանում է տեղի ունեցել, որի պատճառով մի քանի գնացք կանգ է առել: Դրանից հետո կարգավարական (դիսպետչերական) կենտրոնը թույլատրել է վերսկսել երթևեկությունն առանց արագության սահմանափակման՝ չնայած լուսացույցի կարմիր ազդանշանին:


Ենթադրվում է, որ բախման պահին Renfe-ի գնացքն ընթացել է մինչև 200 կմ/ժ արագությամբ: Թե ինչու են կարգավարները թույլատրել երթևեկությունը, պարզում է քննությունը:


 

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ