Հայաստանի կառավարությունը մտադիր է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին լիարժեք ընդգրկել հարկային համակարգում՝ նրանց համար կենսաթոշակային կուտակումների, առողջության ապահովագրության և եկամտային հարկի վերադարձի հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունների հիմնական նպատակը ոչ թե պետական բյուջեի եկամուտների ավելացումն է, այլ գյուղատնտեսության ոլորտում աշխատողների սոցիալական պաշտպանությունը։
Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման հարցի քննարկման ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է ներդնել հարկման նոր մեխանիզմներ։
«Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք։ Ընդ որում՝ ինչո՞ւ պետք է ներդնենք հարկային համակարգերը. ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօր գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների մի մասը դուրս է հարկային համակարգից, ինչի հետևանքով չի կարողանում օգտվել աշխատող քաղաքացիների համար նախատեսված սոցիալական պաշտպանության մի շարք մեխանիզմներից։
Փաշինյանը նշել է, որ մարզեր կատարած այցելությունների ժամանակ բազմաթիվ գյուղացիներ բարձրացնում են իրենց կենսաթոշակային ապահովության հարցը՝ դժգոհելով, որ տարիների աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ։ «Տասնյակ գյուղերում, եթե ոչ ավել, մարդիկ ի՞նչ են ասում, ասում են՝ բա մեր թոշակի հարցը ի՞նչ է լինելու, բա մենք այսքան աշխատում ենք, մեր աշխատանքն ինչի՞ ստաժ չի համարվում»,- նշել է վարչապետը։
Նրա ներկայացմամբ՝ գյուղատնտեսական գործունեությունը հարկային համակարգում ընդգրկելը պետք է լուծի երեք հիմնական խնդիր՝ հնարավորություն ընձեռի գյուղացիներին մասնակցելու կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրում և օգտվելու եկամտային հարկի վերադարձի մեխանիզմներից։
Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է նաև հիփոթեքային վարկերի և սոցիալական կրեդիտների շրջանակում նախատեսված հարկային վերադարձի հնարավորություններին, որոնք ներկայում հասանելի չեն հարկային համակարգում չընդգրկված բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների։
«Ժամանակն է, որ գյուղատնտեսական գործունեությունը լիարժեք կերպով մտնի հարկային համակարգի մեջ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների մի մասն արդեն օգտվում է սոցիալական ապահովության համապատասխան մեխանիզմներից, քանի որ միաժամանակ վարձու աշխատող է և վճարում է օրենքով սահմանված հարկերը։ Սակայն սեփական տնտեսությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիների համար այդ հնարավորությունները սահմանափակ են։
Փաշինյանը կարևորել է նաև գյուղական բնակավայրերում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները՝ ընդգծելով, որ քաղաքացիներին պետք է ներկայացվեն հարկային համակարգում ընդգրկվելու սոցիալական առավելությունները։
Կառավարության նիստում քննարկվել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնումը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում կընդգրկվեն ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար քաղաքացիներ։ Նրանց ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4400 դրամը կվճարի պետությունը, նույնքան՝ գործատուն, իսկ 2000 դրամը՝ աշխատողը։
Փաշինյանի խոսքով՝ այս փոփոխությունից հետո ապահովագրության համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը կգերազանցի երկու միլիոնը։ Հետագա փուլերում կառավարությունը նախատեսում է անդրադառնալ նաև գյուղացիական տնտեսությունների ընդգրկմանը։
Միաժամանակ վարչապետը չի հստակեցրել, թե գյուղատնտեսության համար ինչ հարկման ռեժիմներ են առաջարկվելու, ինչ դրույքաչափեր են կիրառվելու և երբ կարող են ուժի մեջ մտնել համապատասխան փոփոխությունները։