Երևանի Ազատության պողոտայում ոռոգման համակարգի պարբերական վթարներից և խողովակաշարի անորակ աշխատանքներից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է խզել պատասխանատու շինարարական ընկերության հետ պայմանագիրը և այն ընդգրկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների «սև ցուցակում»։
Քաղաքապետի խոսքով՝ խողովակների թերությունների մասին քաղաքային իշխանությունները տեղյակ էին դեռևս աշխատանքների ընթացքում, սակայն նախազգուշացումները հաշվի չեն առնվել։
Հոկտեմբերի 26-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդրադարձել է Ազատության պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարին և դրան նախորդած բազմաթիվ խափանումներին։
«Երբ ժամանակին ասվում էր, որ այս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու է, մի հատ տրաքեց, մի հատվածը փոխեցին, մյուս հատվածում տրաքեց, մինչև որ եկանք հանգեցինք նրան, որ ամբողջ այդ դրված խողովակաշարը բռակ է», - հայտարարել է քաղաքապետը։
Ըստ նրա՝ նման իրավիճակը հետևանք է ավելի էժան լուծում ընտրելու և աշխատանքների պատշաճ որակը չապահովելու։ Ավինյանը հիշեցրել է նաև Պռոշյան-Պարոնյան հատվածում երկարատև շինարարական աշխատանքների և Ազատության պողոտայում պարբերաբար կրկնվող վթարների մասին։
«Այո, պետք է խզել պայմանագիրը, ու պետք է խզել շտապ։ Այո, թող գնան «սև ցուցակ», հերիք եղավ, կյանքներս կերան», - ասել է Ավինյանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել անորակ աշխատանքներ իրականացրած ընկերությանը։
Քաղաքապետը հանձնարարել է պայմանագրի խզումից հետո հրատապ կարգով ընտրել նոր կապալառուի, որը կկարողանա ավարտին հասցնել անավարտ աշխատանքները և վերացնել առկա թերությունները։
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ Ազատության պողոտայում տեղադրված խողովակները չեն դիմանում ջրի ճնշմանը, ինչի հետևանքով առաջանում են արտահոսքեր։ Նրա խոսքով՝ շուրջ 500 մետր երկարությամբ խողովակաշարը փոխարինվում է ավելի հաստ խողովակներով, սակայն դա դեռևս չի լուծում ծրագրի որակի հետ կապված բոլոր մտահոգությունները։
Նույն խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում օդային մալուխների խնդրին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը պետք է խրախուսի դրանց ստորգետնյա անցկացումը։
«Ես հասկանում եմ, որ շատ բարձր գին է դրված՝ 10 000 դրամ մեկ մետրի համար, բայց եկեք հակառակ կողմից գնանք, եկեք հասկանանք ինչպես անենք, որ այդ լարերը գնան գետնի տակ», - նշել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքային իշխանությունների նպատակը պետք է լինի ոչ թե օդային մալուխների տեղադրման ծախսերի նվազեցումը, այլ դրանց աստիճանական տեղափոխումը ստորգետնյա ենթակառուցվածքներ։