23.10.2026
Բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում
prev Նախորդ նորություն

ԿԲ նախագահ. Հայաստանի տնտեսությունը տարեկան միջինում աճել է 8.5%-ով

Վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 8.5%, ընդ որում՝ գնաճը պահպանվել է չափավոր մակարդակում՝ շուրջ 3.5%: Այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Raiffeisen Bank-ի Banking on Success փոդքասթում:


«Գնաճը պահպանվել է բավականին չափավոր՝ 3.5% մակարդակում, քանի որ մենք շատ հետևողական ենք եղել դրա դեմ պայքարում», — ասել է Գալստյանը:


Նրա խոսքով՝ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի առանցքային խնդիրն է, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության կենսամակարդակի պահպանման հետ:


«Մենք կարծում ենք, որ գնաճի դեմ պայքարը հենց այն խնդիրն է, որի համար էլ ստեղծվում է Կենտրոնական բանկը: Այսպիսով, մենք ապահովում ենք բնակչության որոշակի կենսամակարդակ: Սրանում էլ կայանում է Կենտրոնական բանկի հիմնական մանդատը», — նշել է նա:


Գալստյանը ձեռք բերված տնտեսական ցուցանիշներն անվանել է տպավորիչ՝ ընդգծելով վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զգալի փոփոխությունները:


«Այսօր մենք դասվում ենք միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին: Եվ սա տպավորիչ արդյունք է, հատկապես եթե հետ նայենք 30 տարի առաջ, երբ սկսում էինք մեկ շնչին ընկնող 100–200 դոլարից», — ասել է ԿԲ ղեկավարը:


Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ


ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2%, իսկ գնաճը՝ 3.3%: 2021–2025 թվականների ընթացքում երկրի տնտեսության միջին տարեկան աճը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած տվյալների համաձայն, կազմել է շուրջ 8.13%:


S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ 2022–2025 թվականներին Հայաստանի տնտեսության աճի միջին տեմպը կազմել է 7.8%:


Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով տնտեսական աճը նախատեսված է 5.4% մակարդակում, գնաճը՝ 3% (±1%): Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը, կախված սցենարից (A–B), սպասվում է 5.7–5.3% մակարդակում, գնաճը՝ 4.5–4.2%:


 

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԿ-ի Հաբիթաթը մտադրությունների հուշագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին