26.10.2026
Լուսանկարը` finport.am
prev Նախորդ նորություն

«Որտեղ «Ուժեղ Հայաստանը» կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են»․ Կարապետյան

Լուսանկարը` CivilNet
Լուսանկարը` CivilNet

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին սահմանափակել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հնարավորությունները։


Այսպիսի գնահատական է տվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ի տեղական ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ Ստեփանավանում, որտեղ կուսակցությունը մասնակցել է ընտրություններին, ՔՊ-ն չի կարողացել հաղթել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։


Հոկտեմբերի 26-ին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում Կարապետյանը հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստանը» ընտրապայքարին մասնակցել է միայն Ստեփանավանում, ինչի համար կուսակցությունը նախկինում քննադատության էր ենթարկվել։


«Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել [...] և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնել հաղթանակի», – հայտարարել է նա։


Կարապետյանի պնդմամբ՝ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստիպված է բանակցել կոալիցիա կազմելու և համայնքապետի տեղակալի պաշտոն ստանալու շուրջ։ Այդ բանակցությունների ընթացքի կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ անկախ հաստատում առայժմ չկա։


«Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են»,- ասել է ընդդիմադիր գործիչը։


Նրա գնահատմամբ՝ այն համայնքներում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» չի մասնակցել ընտրություններին, իշխող կուսակցությունը կարողացել է գերիշխող դիրք ապահովել ճնշումների միջոցով։ Կարապետյանը նաև պնդել է, որ ներկայում իր ղեկավարած քաղաքական ուժն է կարողանում արդյունավետ պայքար կազմակերպել իշխանության դեմ։


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն առաջին տեղն է զբաղեցրել համամասնական ընտրակարգով քվեարկած 16 համայնքում, ևս երկուսում հաղթել է իշխող կուսակցության մասնակցությամբ «Համերաշխություն» դաշինքը։


Ստեփանավանում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ամենաշատ ձայները ստացել է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ ՔՊ-ն ստացել է 35,32 տոկոս կամ 4681 ձայն, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոս կամ 2609 ձայն։


Նախնական հաշվարկով՝ 21-հոգանոց ավագանիում «Գործարարը» կունենա ինը, ՔՊ-ն՝ ութ, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ չորս մանդատ։ Այսպիսով, ուժերից ոչ մեկը միայնակ մեծամասնություն չունի։ Միաժամանակ, «Գործարարի» ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, թեև ընտրություններին մասնակցել է այլ կուսակցության ցուցակով։


Կարապետյանը քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների արդյունքներին նվիրված հայտարարությունները։ «Կարծում եմ՝ գործակալների մասին խոսելուց ինքը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է նա։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն և իր բնորոշմամբ «պրոՔՊ-ական» ուժերը ՏԻՄ ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ» են տարել։ Միաժամանակ վարչապետը մտահոգություն էր հայտնել մի շարք համայնքներում իշխող ուժի ստացած 70, 80 և 90 տոկոսը գերազանցող արդյունքների առնչությամբ։


«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+, 70+ ձայներ», – ասել էր Փաշինյանը՝ բարձրացնելով իրական, պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտության հարցը։


Վարչապետը միաժամանակ կոչ էր արել արմատախիլ անել իր բնորոշմամբ «լրտեսական ընդդիմությունը»՝ պնդելով, որ որոշ ընդդիմադիր ուժեր կառավարվում են արտերկրից։


Ստեփանավանի ընտրություններին նախորդել էին նաև ձերբակալություններ։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 մարդ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որը հետագայում երկու ամսով կալանավորվել էր։ Հոկտեմբերի 23-ին նույն գործով ձերբակալվել էր ևս տասը անձ։


«Ուժեղ Հայաստանը» իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ձեռք բերված տվյալների մասին։ Գործով մեղադրյալների մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէ։

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ