26.10.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

«Երկրորդ շարքում» կայանելու տուգանքը պետք է քառապատկվի․ Սարգսյանը՝ խստացումների մասին

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Ճանապարհի երկրորդ շարքում կանգնելու համար տուգանքը 5 հազարից 20 հազար դրամ բարձրացնելը նպատակ չունի ավելացնել պետական բյուջեի եկամուտները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ խստացումն անհրաժեշտ է վարորդների վարքագիծը փոխելու համար, քանի որ գործող տուգանքներն ու վերահսկողության ուժեղացումը չեն տալիս ցանկալի արդյունքը։


Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը պետք է դիմի ավելի խիստ պատժամիջոցների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները կանխելու համար։


«Այս պայմաններում պիտի գնանք խստացմանը։ Ընդ որում՝ խստացմանը ոչ այն տրամաբանության մեջ, որ մենք հավակնելու ենք ավելի շատ եկամուտ բերել պետությանը, այլ այն տրամաբանության մեջ, որ անձը երկու կամ երեք անգամ կմտածի՝ արդյոք պատրաստ է երկրորդ գիծ կանգնելու՝ վճարելով համապատասխան տուգանք և զրկվելով բալային միավորից, թե ոչ», – ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ միայն պարեկային ծառայության կողմից արձանագրվող խախտումների թվի ավելացումը բավարար չէ վարորդների վարքագիծը փոխելու համար։ Սարգսյանը նշել է, որ երկրորդ շարքում կանգնելու համար տասնյակ հազարավոր տուգանքներ են նշանակվել, սակայն նման խախտումները շարունակում են տարածված մնալ։


Նախարարը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ գործող տուգանքի նկատմամբ նախատեսված զեղչերի կիրառման դեպքում վարորդի համար երբեմն ավելի շահավետ է խախտել կանոնները, քան վճարել օրինական ավտոկայանատեղիի համար։ Հայաստանում շարունակում են գործել էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքի 20 տոկոսով և սահմանված ժամկետում վճարելու դեպքում 30 տոկոսով նվազեցման հնարավորությունները։


«Եթե հիմա արդեն մենք բոլորս հաշտվել ենք նրա հետ, որ լավ, երկրորդ գիծ կանգնելը նորմալ է, եկեք քննարկենք տուգանքի չափերը, կներեք, բայց ես չեմ ուզում, որ մենք այդ խոսակցության մեջ մտնենք», – ընդգծել է Սարգսյանը։


Նա հավելել է, որ եվրոպական մի շարք երկրներում երթևեկության որոշ կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները զգալիորեն գերազանցում են Հայաստանում առաջարկվող 20 հազար դրամը։


Անդրադառնալով ճանապարհային անվտանգության ցուցանիշներին՝ նախարարը հայտնել է, որ 2024 և 2025 թվականների համեմատական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով։ Ըստ նրա ներկայացրած ընթացիկ վիճակագրության՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է յոթ զոհով և 40 վիրավորով պակաս։ Սարգսյանը կարևորել է պարեկային ծառայության աշխատանքը, սակայն նշել, որ այս ցուցանիշների փոփոխությունը չի կարելի պայմանավորել բացառապես ոստիկանության գործունեությամբ։


Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՆԳՆ-ի մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ որոշելով այն անհետաձգելի կարգով ներկայացնել Ազգային ժողով։


Նախագծով առաջարկվում է ճանապարհի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կանգնելու կամ կայանելու համար գործող 5 հազար դրամ տուգանքը բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև մեկ տուգանային միավոր։ Նույն չափի տուգանք է նախատեսվում մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։


ՆԳՆ-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանի պարեկները միայն երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17 024 վարչական արձանագրություն՝ 172 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։


Առաջարկվող փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել և պետք է հաստատի Ազգային ժողովը։

Լուսանկարը` finport.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ