«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը չի բացառում, որ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» ու Դեմոկրատական կուսակցությունների ձևավորած դաշինքը միանա «Ծառուկյան դաշինքին»: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Վարդան Օսկանյանը: «Ես հայտարարում եմ, որ մենք ոչինչ չենք բացառում, մի բացառություն կա՝ գործող իշխանության հետ որևէ գործ չենք ուզում ունենալ ոչ հիմա, ոչ ապագայում», –ասել է նա: Օսկանյանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և «Դեմոկրատական» կուսակցության դաշինքում ներգրավվածությանը՝ տեղեկացնելով, որ նա անպայմանորեն ներգրավված է լինելու դաշինքում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Սեյրան Օհանյանը որոշեց տեղափոխվել ընդդիմադիր դաշտ՝ ասել է. «Ցանկացած մարդ, ով մտահոգ է Հայաստանի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ում էլի կան նման մարդիկ, որ նման քայլի կդիմեին, պարզապես նրանց համարձակությունը չի հերիքում, իսկ Սեյրան Օհանյանն այն մարդն է, ով ունեցավ այդ համարձակությունը»: