Տնտեսության վախճանի սկի՞զբ.ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային նոր օրենսգրքի նախագծին
Չնայած խորհրդարանական ընդդիմության դժգոհությանը՝ Ազգային Ժողովն այսօր 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը։
Հիշեցնենք, երկու օր ընթացող քննարկումների ժամանակ պատգամավորները իրենց դժգոհությունն էին հայտնում Կառավարության կողմից ներկայացված նախագծի մասով՝ նշելով, որ այն վերջնականապես կոչնչացնի փոքր և միջին բիզնեսը Հայաստանում, կավելացնի արտագաղթը, եկամտահարկի փոփոխությունն էլ կբերի նրան, որ Հայաստանում միջին խավ հասկացությունը առհասարակ կվերանա: Բացի այդ, պատգամավորների քննադատությանն արժանացավ նաև ակցիզային հարկի փոփոխության մասով մոտեցումը, քանի որ դա կհանգեցնի գնաճի:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը իր խոսքում նշեց, որ Ազգային Ժողովն ընդունում է մի օրենսգիրք, որը 90 միլիարդ դրամով ավելացնում է հարկային բեռը հարկ վճարողների վրա, ինչն ուղղակի անընդունելի է:
Ի դեպ, ձեռնպահ քվեարկածների թվում էր նաև Դաշնակցությունը, որը, հիշեցնենք, ՀՀԿ հետ համագործակցության հուշագիր է ստորագրել: Այդուհանդերձ, նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ևս մտահոգություններ ունեն նախագծի շուրջ , այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ձեռնպահ քվեարկել։ Բացի այս, Ռուստամյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստում են առաջարկությունների փաթեթ ներկայացնել Կառավարությանը՝ ակնկալելով, որ փաթեթը լրջորեն կուսումնասիրվի և փոփոխություններ կկրի։
Դեմ քվեարկածների թվում էին ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունները, որոնք հայտարարեցին, որ Հարկային օրենսգիրքն այս տեսքով ուղղակի անընդունելի է:
Իսկ ահա ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որ իր ելույթում հայտարարել էր, որ նման տեսքով օրենսգիրք ընդունելը նշանակում է գրանիտե տապանաքար դնել Հայաստանի տնտեսության վրա և վրան գրել «վախճանվեց անփառունակ մահով» հայտարարեց, որ ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ, ինքը չի մասնակցի քվեարկությանը .
«Եթե մինչև սեպտեմբեր հնարավոր կլինի նախագիծը բարելավել՝ ուրիշ, իսկ եթե ոչ, ապա մենք վերջնական քվեարկությանը կքվեարկենք դեմ», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ եթե Հարկային նոր օրենսգիրքն ընդունվի, ապա այն կգործի 2018 թվականից: