«Ես եմ առաջնորդելու այդ գործընթացը». Փաշինյանը` Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու մասին
Լուսանկարը` primeminister.am
Հինգշաբթի՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու իր մտադրության մասին՝ նրան անվանելով «Կտրիճ Ներսիսյան»։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարի դեմ հրապարակային ելույթների ժամանակավոր դադարի պատճառների մասին, Փաշինյանն ընդգծել է, որ չի հրաժարվել իր պլաններից։ Նա հայտարարել է, որ անձամբ է առաջնորդելու այդ գործընթացը, և մոտ ապագայում դրա կոնկրետ դրսևորումները անպայման կտեսնեն։
Վարչապետը նշել է, որ իր նպատակը ոչ թե պարզապես Եկեղեցու մեկ ղեկավարին մեկ ուրիշով փոխարինելն է, այլ հոգևոր նորոգում իրականացնելը։ Նրա կարծիքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին ողջ ժողովրդի բարոյական արժեքների էպիկենտրոնն է, և եթե այդ էպիկենտրոնը «ախտահարված» է, ապա արժեքահենք հանրություն կառուցելու մասին խոսելը լուրջ չէ։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հոգևոր նորոգման գործընթացը պետք է սկսել հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Հիշեցնենք, որ կառավարության և Եկեղեցու միջև լարվածությունը կտրուկ աճել էր մայիսին, երբ Փաշինյանը եկեղեցիները համեմատել էր «չուլանների» հետ։ Այդ հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները սկսեցին հրապարակայնորեն քննադատել և վիրավորել Եկեղեցուն և Կաթողիկոսին։ Այդ ժամանակ էլ Փաշինյանն առաջարկեց պետությանը վճռորոշ դեր տալ Կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուներին ենթարկել բարեվարքության ստուգման։
Վարչապետը համոզված է, որ ինքը կարող է ստուգել հոգևորականների համապատասխանությունը բարեվարքության նորմերին։ Նա նաև հերքել է Եկեղեցու դեմ բռնի գործողություններ նախապատրաստելու մասին լուրերը՝ հայտարարելով, որ իր կառավարությունը երբեք բռնություն չի կիրառել նույնիսկ քաղաքական գործընթացներում։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ «ավելի մեծ ուժ, քան հոգևոր ուժը, չկա», և որ հոգևոր նորոգման այդ գործընթացի կուլմինացիան արդեն հասել է, և դրա արդյունքները կդրսևորվեն ամենամոտ ապագայում։