28.08.2025
Լուսանկարը` azatutyun
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մերժեց ՀԷՑ-ի գործով արբիտրաժի որոշումը և պահանջեց հրաժարականներ

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով Արբիտրաժային դատարանի որոշման վերաբերյալ։


Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա կտրականապես մերժել է որոշումը կատարելու հնարավորությունը և պահանջել այն պաշտոնյաների հրաժարականը, ովքեր այն պարտադիր են համարում։ «Ով Կառավարության անունից դիրքորոշում է հայտնել, որ ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է՝ թող դիմում գրի ու գնա», — հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ նման դիրքորոշում չի կարող լինել։


Փաշինյանի հայտարարությունը հնչել է Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ արբիտրի կողմից կայացված որոշման շուրջ հակասական մեկնաբանությունների ֆոնին։ Օգոստոսի 4-ին Արբիտրը որոշում է կայացրել, որը կառավարությունը և ՀԷՑ-ի բաժնետեր հանդիսացող Կարապետյանների ընտանիքը մեկնաբանում են տրամագծորեն հակառակ կերպ։ Կառավարությունը հայտարարում է, որ բաժնետերերի նոր միջնորդությունները մերժվել են, մինչդեռ Կարապետյանների կողմը պնդում է, որ Արբիտրը հերթական անգամ հաստատել է հուլիսի 22-ի որոշման պարտադիր կատարելիությունը։


Նշվում է, որ հուլիսի 29-ին ՀԷՑ-ի բաժնետերերը՝ Կարապետյանները և Liormand Holdings Limited-ը, կրկին դիմել էին արբիտրաժ՝ պահանջելով հստակեցնել ՀՀ կառավարության պարտավորությունները որոշման կատարման վերաբերյալ, վերականգնել ընկերության ստատուս քվոն և պարտադրել հաշվետվություն ներկայացնել իրականացված քայլերի մասին։


Փաշինյանը շեշտել է, որ ինքն է գլխավորում կառավարությունը, և ոչ ոք չի կարող ունենալ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում։ «Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքից դուրս գան, եթե՝ ոչ, ես իրենց կհանեմ», — զգացմունքային արձագանքել է վարչապետը։ Նա նաև ավելացրել է, որ ՀԷՑ-ի գործով «այդ թեման վաղուց ավարտված է», և բացառվում է, որ ընկերությունը չծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։


Լրագրողի հարցին, թե ի՞նչ հետևանքներ կլինեն պետության համար Արբիտրաժային դատարանի պահանջները չկատարելու դեպքում, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը «հաղթել է այս գործում» և պնդելու է իր դիրքորոշումը։ Նշենք, որ ավելի վաղ կառավարությունը 1 միլիոն դոլար էր հատկացրել ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժում երկրի շահերի պաշտպանության համար։