28.08.2025
Տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը չի բացառել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հինգշաբթի՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ։


Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն՝ Փաշինյանն ընդգծել է, որ նման սցենարը միանգամայն իրատեսական է, թեև կախված կլինի մի շարք գործոններից։


Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը կկայացվի, երբ ընտրությունը լինի վերջնական ու անխուսափելի։ «Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը», — նշել է վարչապետը։ Նա հավելել է, որ նման որոշման վրա կազդի հայ ժողովրդի արտահայտած կամքը, ընթացիկ իրավիճակը, բանակցային գործընթացների արդյունքները, ինչպես նաև հեռանկարների և այլընտրանքային ուղիների վերլուծությունը։


Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին


Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պաշտոնապես անդամակցել է 2015 թվականի հունվարի 2-ին՝ դառնալով կազմակերպության չորրորդ լիիրավ անդամը Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից հետո։ Ավելի ուշ նրանց միացել է նաև Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության հիման վրա։ Դրա հիմնական նպատակներն են ապահովել «չորս ազատությունները»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։


Ռուս պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տալիս է մի շարք առավելություններ։ Առաջին հերթին, դա մուտքն է դեպի ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող հսկայական ընդհանուր շուկա, ինչը նոր հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար։ Բացի այդ, միությանն անդամակցությունն ապահովում է անմաքս առևտուր գործընկերների հետ, ինչը նվազեցնում է արտահանման և ներմուծման արժեքը։


Այլ հայտարարված առավելություններից են աշխատուժի ազատ տեղաշարժը, մաքսային պարզեցված ընթացակարգերը և ստանդարտների ներդաշնակեցումը, ինչը, ըստ նախատեսվածի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական աճին և ինտեգրմանը տարածաշրջանային տնտեսական գործընթացներին։