Աշխատանքի օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սա «մարդկային արժանապատվության տոն է», իսկ խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ: Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ Հայաստանի անկախ պետականության պայմաններում «մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել»:
Բայց որքանո՞վ է նախագահի մաղթանքը տեղավորովում մեր իրականության մեջ և համապատասխանում դրան:
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2016 թվականի դրությամբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը գործազուրկ էր կամ՝ աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ էին: 2016թ. սեպտեմբերի դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում շուրջ 1 մլն 10 հազար քաղաքացի էր, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր շուրջ 9%-ով: Առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ունեցել է գործազրկության ամենաբարձր մակարդակը:
Դրական որևէ ֆոն չկա նաև աշխատող քաղաքացիների իրավունքների ոտնահարման ոլորտում բարելավումների մասով և, հատկապես, մասնավոր հատվածում գործատուներն իրենք են աշխատանքային պայմաններ թելադրում՝ չվախենալով որևէ օրենքից կամ առավել ևս Աշխատանքային օրենսգրքից, որը, փաստացի, ուղղակի սևով սպիտակին գրված բառերի կույտ է: Բոլորին է հայտնի, որ գործատուները պարտադրում աշխատակիցներին ստորագրել «սպիտակ» աշխատանքային պայմանագիր, բայց աշխատել սևով՝ 10-12 ժամ օրական, առանց արձակուրդի ու երբեմն անգամ առանց հանգստյան օրերի, արտաժամյա, բայց չվճարվող և այլն: Խոսքը հիմնականում ծառայությունների ոլորտին է վերաբերում ՝ առաքիչներին, այսպես կոչված շուկայի զարգացման մենեջերներին, վարորդներին, հեռախոսավարներին և այլն: Ընդ որում, այն մասին, որ Հայաստանում աշխատանքային ոլորտը հեղափոխական կարգավորման կարիք է զգում, խոսվում է տարիներ շարունակ, բայց ոչինչ չի փոխվում, քանզի մարդիկ իրենք վախենում են պայքարել իրենց իրավունքների համար, որովհետև այդ դեպքում պարզապես կարող են մնալ առանց աշխատանքի՝ գործատուների կողմից շանտաժն ու հոգեբանական ճնշումը սովորական երևույթներ են:
Ի դեպ, կառավարության նախորդ նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց 9 ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Սպասենք....
Իսկ մինչ այդ, աշխատանքի իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ Հայաստանում աշխատանքային իրավունքի ամետարածված խախտումները սկսվում են հենց աշխատանքային հարաբերություններ ձեւակերպելիս, երբ աշխատողներին գործատուն ընդունում է աշխատանքի բանավոր համաձայնության և պայմանավորվածության հիման վրա, իսկ եթե անգամ ստորագրվում է աշխատանքային պայմանագիր, ապա միշտ չէ, որ փաստաթղթի պայմանները համապատասխանում են օրենսդրության պահանջներին կամ բխում աշխատողի շահերից:
«Տարածված խախտումներից մեկն էլ ծագում է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, երբ աշխատողն աշխատոմ է ոչ թե սահմանված 8 ժամ, այլ գերազանցում է սահմանված աշխատանքային ժամանակը, աշխատելով 10 ժամ: Խախտելով աշխատանքային իրավունքերը ներգրավվում է գիշերային աշխատանքի մեջ, հանգստային եւ տոն օրերին աշխատում է, ինչի համար չի վարձատրվում: Լրացուցիչ վարձատրության մասին աշխատողը պարզապես չի բարձրաձայնում, իսկ երբ դադարում են աշխատանքային հարաբերությունները եւ գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, այդ ժամանակ վերջինս հիշում է իր և՛ չվճարված արձակուրդները, և՛ հանգստյան օրերին աշխատելը, քանի որ աշխատելու ընթացքում նա չի ցանկանում հարաբերությունները բարդացնել գործատուի հետ»,- ասում է փորձագետը:
Հայաստանում շատերին է ծանոթ նաև իրավիճակը, երբ քաղաքացին գրանցվում է ցածր աշխատավարձով, իսկ մնացած հատվածը ստանում է առձեռն: Սա խնդիրներ է առաջացնում ոչ միայն հետագայի համար՝ ցածր եկամտահարկ, սոցվճարներ և այլն, այլև բանկերում և այլ կառույցներում, որտեղ պետք է ցույց տալ վարձատրության մակարդակը:
Ամենից վտանգավոր երևույթը Հայաստանում նաև այն է, որ աշխատանքը քաղաքացուն փաստացի զրկում է անկախ քաղաքական հայացքներ և ազատ կամարտահայտումից, ինչը հատկապես նախընտրական ժամանակահատվածում է ակտուալ դառնում: Վերջին թարմ օրինակները՝ տասնյակ դպրոցների տնօրենների կողմից ցուցակագրումներ (վարչական ռեսուրսի չարաշահման վառ օրինակ) ու ՍԱՍ-ի ժողովի աղմկահարույց ձայնագրությունը, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ մեթոդներով ու սպառնալիքներով են գործատուները ճնշում գործադրում աշխատողների վրա իրենց ուզած արդյունքին հասնելու համար և ինչի են պատրաստ քաղաքացիները՝ աշխատանքը չկորցնելու դիմաց:
Սկանդալային այս պատմությունները, սակայն, փաստացի աշխատեցին ընդդեմ օրենքի ու ոտնահարելով աշխատողների, բայց ոչ խախտողների իրավունքները. առաջին դեպքում 30 դպրոցի տնօրեններ դատի են տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին միայն նրա համար, որ վերջինս հրապարակեց և բացահայտեց ՀՀԿ օգտին ցուցակներ հավաքած և դրանք պետական/համայնքային պաշտոնյաներինկամ ՀՀԿ շտաբներ փոխանցած կրթական հաստատությունների տնօրեններին և պահանջում են 2-ական մլն դրամ բարոյական վնասի փոխհատուցում իբրև թե զրպարտության համար:
Իսկ ՍԱՍ-ի ժողովի պատմությունը դեռևս չի ավարտվել, հայտնի է միայն, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության առթիվ և որ Արտակ Սարգսյանը, ում օգտին էլ ժողովը, ըստ էության, հրավիրվել էր, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ պատգամավորի մանդատ կստանա և կշարունակի պահպանել լռության ուխտը նորընտիր Ազգային Ժողովում:
Հայաստանում այս իրավիճակը սկիզբ է առել 90-ականներից ու թեև ընթացքում շատ կարգավորումներ եղան, փորձեր ստվերը կրճատել աշխատաշուկայում և քաղաքակիրթ երկրին հարիր այլ գործողություններ, բայց իրավիճակը գրեթե նույնն է, քանզի գերիշխում է վախի ու պարտադրվածության մթնոլորտը մի կողմից և անպատժելիության մթնոլորտը՝ մյուս: Ու այսպես էլ կշարունակվի, քանի դեռ պետությունը չի կանգնում իր յուրաքանչյուր քաղաքացու թիկունքին: Իսկ մինչ այդ թե՛ նախագահի խոսքերն այն մասին, որ «մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են», թե՛ վարչապետի խոսքերն այն մասին, թե «մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար» լոկ խոսքեր են և ուրիշ ոչինչ:
Լիա Խոջոյան