Երեք տարվա դադարից հետո․ Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ ԱԽ նիստին
Լուսանկարը` ԱԽ-ի պաշտոնական կայք
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կայցելի Մոսկվա, որտեղ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ հանդիպմանը։
Հայկական պատվիրակության գործուղման մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ ՌԴ մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԽ քարտուղարի խորհրդական Անահիտ Պողոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը։
Համագործակցության շրջանակում նման մակարդակի միջոցառմանը ՀՀ ԱԽ քարտուղարի մասնակցությունը տեղի է ունենում երկարատև դադարից հետո։ Առայժմ դժվար է ասել՝ արդյոք այս այցը նշանակում է այս կառույցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխություն, հատկապես այն ֆոնին, որ վերջին շրջանում Երևանը նկատելիորեն հեռավորություն էր պահպանում ԱՊՀ միջոցառումներից։