23.10.2025
Լուսանկարը` 1lurer
prev Նախորդ նորություն

Հայաստանը հաղթահարում է շրջափակումը՝ չնայած «կործանման» բանաձևերին. Փաշինյան

Լուսանկարը` Սպուտնիկ
Լուսանկարը` Սպուտնիկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում հայտարարեց տարածաշրջանում սպասվող ֆունդամենտալ փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Որպես դրա առանցքային ապացույց՝ նա նշեց Հայաստան արտահանման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին որոշումը, ինչը, նրա խոսքով, Վաշինգտոնի հռչակագրի կոնկրետ արդյունքն է։


Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ողջունեց Բաքվի որոշումը՝ նշելով, որ դրան արդեն անդրադարձել է Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ։ Նրա կարծիքով՝ սա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները «միայն դեկլարացիա չեն» և բերել են շոշափելի արդյունքների։


Կառավարության ղեկավարը նաև հորդորեց հանրությանը նկատել ոչ միայն բացասական իրադարձությունները, այլև դրական դինամիկան։ Նա օրինակ բերեց սահմանային իրավիճակը՝ նշելով, որ երբ գյուղերում կրակոց է լսվում, դա բուռն քննարկվում է սոցցանցերում, մինչդեռ երկարատև լռությունն ընկալվում է որպես բնականոն երևույթ և չի քննարկվում։ «Բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք [լռության մասին]։ Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, թե ուր ենք գնում», – ընդգծեց Փաշինյանը։


Իր ելույթում վարչապետը նաև խիստ քննադատեց նրանց, ովքեր, ըստ նրա, «առավոտից երեկո հայտարարում են, թե Հայաստանը կործանվում է»։ Նա ենթադրեց, որ գոյություն ունի «քաղաքական փիլիսոփայություն», որն «ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ», քանի որ նրանց գործունեության միակ օբյեկտը «կործանվող Հայաստանն» է։


«Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա, հետևաբար գործունեության դաշտ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է», – հայտարարեց Փաշինյանը։ Որպես վկայություն այն բանի, որ այս հռետորաբանությունն այլևս արձագանք չի գտնում, կառավարության ղեկավարը մատնանշեց նախօրեին խորհրդարանի դահլիճում ընդդիմության դատարկ տեղերը։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- ասել էր Իլհամ Ալիևը։