Քաղաքացիությունից զրկելու դրույթը Սահմանադրության նախագծում ներառվել է ՆԳՆ առաջարկով
Հայաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը Սահմանադրության նախագծում ներառվել է ՆԳՆ առաջարկով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առաջարկն առայժմ գաղափարական մակարդակում է, իսկ կիրառման ընթացակարգերը հետագայում կսահմանվեն օրենսդրական փոփոխություններով։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրներում որոշակի հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելու մեխանիզմներ են գործում։ Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել դրանց կիրառման առանձնահատկությունները երկքաղաքացիների և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։
Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածն արգելում է Հայաստանի քաղաքացիությունից զրկելը։ Մինչդեռ նոր նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ անձին զրկել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Թե ինչ կարգավիճակ կունենան քաղաքացիությունից զրկված անձինք, նախագծում հստակեցված չէ։ Սարգսյանի խոսքով՝ հարցը հետագայում կկարգավորվի «Քաղաքացիության մասին» օրենքով՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։
Նախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանում ներկայում էլ բնակվում են քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականներ, որոնք ունեն հատուկ փաստաթղթեր և կարող են օգտվել տարբեր ծառայություններից։