Երևանն Անկարայի հետ հրաբերություններում բեկում է ակնկալում և տարանցում առաջարկում
Լուսանկարը` mfa.am
Հայաստանն ու Թուրքիան «շատ ինտենսիվ երկխոսություն» են վարում ամենաբարձր մակարդակով, և Երևանը հույս ունի մոտ ժամանակներս «շատ շոշափելի» պայմանավորվածությունների հասնել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այս լավատեսությունն ամրապնդվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ առաջարկով, որը վերահաստատել է հայկական տարածքով դեպի Ադրբեջան թուրքական բեռների տարանցումն անհապաղ ապահովելու պատրաստակամությունը։
Խորհրդարանում, հոկտեմբերի 27-ին, 2026 թվականի բյուջեի նախնական քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ թուրք գործընկերների հետ ինտենսիվ շփումները շուտով կտան շոշափելի ձեռքբերումներ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել էր, որ Անկարայի հետ դրական երկխոսությունը հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման հույս է տալիս։
Իսկ այսօր, որպես մտադրությունների լրջության հաստատում, կառավարության ղեկավարը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է «հենց այսօրվանից» ապահովել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ընթացող բեռնատարների անխափան տարանցումը։ Որպես երթուղի՝ առաջարկվում է օգտագործել Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս ճանապարհը։