Երևանյան նիստի կրկնակի բոյկոտ․ Բաքուն ու Թբիլիսին՝ ԵԽ-ի հռետորաբանության դեմ
Լուսանկարը` report.az
Ադրբեջանն ու Վրաստանը հրաժարվել են մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը մեկնարկում է հոկտեմբերի 28-ին Երևանում։ Երկու երկրներն էլ իրենց դեմարշը բացատրել են որպես բողոք՝ Եվրախորհրդարանի կողմից, իրենց գնահատմամբ, ապակառուցողական հայտարարությունների և գործողությունների դեմ։
«Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրքիշիլին հատուկ ընդգծել է, որ Բաքվի որոշումը որևէ կապ չունի միջոցառումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու հետ։ Նրա խոսքով, պատճառը Եվրախորհրդարանի հայտարարություններն են, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, խաթարում են տարածաշրջանային խաղաղ գործընթացը և աջակցում թշնամանքի շարունակմամբ շահագրգիռ ուժերին։ Մասնավորապես, անընդունելի է համարվել ԵԽ-ի «ոչ կառուցողական» արձագանքը՝ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որտեղ նախաստորագրվել էր խաղաղության համաձայնագիրը։
Դժգոհություն է հայտնել նաև վրացական կողմը։ Թբիլիսին հայտարարել է, որ «Եվրանեսթ»-ի աշխատանքներին մասնակցող Եվրախորհրդարանի որոշ անդամների «թշնամական հռետորաբանությունը» Վրաստանի նկատմամբ հակասում է գործընկերության և փոխադարձ հարգանքի ոգուն, որի վրա պետք է հիմնված լինի այս հարթակը։