Երևանը սպասում է «3+3»-ի հերթին և Թուրքիայի հետ «շոշափելի արդյունքների»
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Երևանը կարևորում է տարածաշրջանային «3+3» ձևաչափին մասնակցությունը և ներկայումս Բաքվի հետ քննարկում է հաջորդ հանդիպման անցկացման հերթականությունը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում շուտով շոշափելի արդյունքներ կգրանցվեն։
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այս ձևաչափով հանդիպումներ արդեն տեղի են ունեցել բոլոր մասնակից մայրաքաղաքներում, և այժմ հերթը Երևանինն ու Բաքվինն է։ «Մենք Ադրբեջանի հետ այժմ քննարկում ենք հերթագայությունը»,— նշել է Միրզոյանը։ Միևնույն ժամանակ, նախարարը հավելել է, որ «ցանկացած հարցի քննարկումն անխուսափելիորեն կապված է շատ այլ հարցերի հետ»։
Անդրադառնալով Անկարայի հետ երկխոսությանը՝ Արարատ Միրզոյանը, առանց մանրամասներ ներկայացնելու, հավաստիացրել է, որ մոտ ապագայում «շատ շոշափելի պայմանավորվածությունների» է սպասում։