Թափոններից մինչև COP17․ Երևանն ու Մոսկվան քննարկել են բնապահպանական օրակարգը
Լուսանկարը` env.am
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ քննարկելու բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը դիտարկել են առանցքային ուղղություններով գործընկերության խորացման հնարավորությունները։
Ինչպես հայտնում են նախարարությունից, բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպիսիք են քիմիական թափոնների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և բնապահպանական գործունեության մեջ ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ներդրումը։
Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորման, ռեսուրսների կայուն կառավարման տնտեսական գործիքների և պետական բնապահպանական վերահսկողության ու մոնիթորինգի հարցերին։ Քննարկման առանձին թեմա է դարձել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների համակարգումը։
Հանդիպման ավարտին Համբարձում Մաթևոսյանը և Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համատեղ աշխատանքը՝ ի նպաստ կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության։