Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություններին։
«Հարգելի՛ համանախագահներ,
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին մասնակցելու առիթով:
Սա կարեւոր հարթակ է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ առավել սերտ կապերի ամրապնդման համար: ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում: Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման եւ բարեփոխումների ճանապարհը եւ հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին:
Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը: Արագ տեմպերով ընթանում է նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:
Հայաստանը հանձնառու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը: Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված «Գործընկերության նոր օրակարգ» փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը:
ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք: Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, եւ մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել էի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը՝ հայտնելով, որ կողմերը համաձայնության հասնելու շեմին են: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ Հռչակագիր: Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաեւ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: Հռչակագրի ընդունումը եւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր. Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռեւս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը: TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը: Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջեւ:
Այս համատեքստում ցանկանում եմ նաեւ նշել, որ Հայաստանը ողջունում է Սեւծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երեւանում հյուրընկալելու առիթով: Ներկայումս նախապատրաստվում ենք եւս մեկ խոշոր միջազգային միջոցառման համար, որը նույնպես տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի աշնանը: Խոսքը ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի՝ COP-17-ի մասին է:
Հաջորդ տարին կարեւոր է նաեւ մեր երկրի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից: 2026 թվականի հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաեւ այս ընտրությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Եւս մեկ անգամ ողջունելով ձեզ Երեւանում՝ մաղթում եմ արդյունավետ քննարկումներ:
Շնորհակալություն»: