13.05.2026
Ֆոտո․ am.sputniknews.ru
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:


«Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։


Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում»,–ասված է ԿԸՀ տարածած հայտարարությունում։


Նշենք, որ այսօր՝ մայիսի 13–ին, Արագածոտնի մարզում ՔՊ–ի քարոզարշավին ավտոբուսներով բերել էին մարզի բնակավայրերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ընդ որում, դասի ժամին։ Ուսուցչուհիներից մեկը NEWS.am–ի հետ անկեղծացել էր, որ հանուն Նիկոլ Փաշինյանի դասերը կրճատել են։


Սրան արձագանքել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։


«Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։


Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով»,– նշել էին ԿԳՄՍՆ–ից։