Թրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ ԱՄՆ 51-րդ նահանգ գրառումով: Դա արել է իր սոցցանցային էջում: Թրամփը երկու օր առաջ էր խոսել այդ մասին, թե դիտարկում է այդպիսի տարբերակ: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը հայտարարել է, որ անընդունելի է դա:
Թրամփը հավանաբար նրան էլ կփախցնի, ինչպես Մադուրոյին:
Եթե լուրջ, ապա առաջին հայացքից բավականին էպատաժային այդ թեման, որ մեջտեղ է բերում Թրամփը, փաստորեն անմիջապես նախորդում է նրա Չինաստան այցին, որտեղ Թրամփին սպասում է շատ բարդ խոսակցություն Սի Ցզինպինի հետ: ԱՄՆ նախագահը կարծես թե այսօր արդեն իսկ մեկնում է Չինաստան:
Ի՞նչ կապ ունի այստեղ Վենեսուելան: Վերջին տարիներին Չինաստանը սերտացրել էր հարաբերությունը այդ երկրի հետ: Չինաստանը լուրջ համաձայնագրեր ու պայմանագրեր է կնքել էներգետիկայի ոլորտում, ենթակառուցվածքների ոլորտում, Վենեսուելային տվել է միլիարդավոր դոլարների վարկեր, ներդրումներ է արել նավթարդյունաբերության ոլորտում:
Թրամփը հասկանում է, որ Մադուրոյին փախցնելը գուցե նրան սուպերմաչոյի իմիջ է ապահովել իր ընտրողների մոտ, բայց չի լուծել Վենեսուելայում Չինաստանի ներկայության հետ կապված սկզբունքային հարցեր, որովհետեւ Պեկինն իհարկե մեղմ ասած վերջին սուբյեկտը չէ աշխարհաքաղաքականության մեջ, հետեւաբար հնարավոր չէ նրան պարզապես «քշել»:
Միեւնույն ժամանակ, Թրամփը Չինաստան այցից առաջ չկարողացավ էական դիրք զբաղեցնել Իրանի նկատմամբ, այլ նույնիսկ խրվեց Հորմուզում: Բարդ է Թրամփի վիճակը նաեւ ԱՄՆ ներսում: Ըստ էության, եթե նրա ապրիլյան այցը հետաձգված չլիներ, ապա Թրրամփը գուցե փորձեր հետաձգել ներկայիս այցը Չինաստան, ավելի բարենպաստ դիրքային ժամանակաի կամ պահի թողնելով այն: Բայց, երկրորդ անգամ այցի հետաձգումը արդեն կարող էր լուրջ հարված լինել նրան:
Ըստ այդմ, Թրամփը Պեկին այցից առաջ փորձում է իր դիրքերը որոշակի ամրացնել հայտարարություններով, որոնցից մեկը Վենեսուելան ԱՄՆ նահանգ դարձնելու մասին էր, իսկ մյուսը՝ մինչեւ տարվա վերջ Ռուսաստան այցելելու հավանականության: Թե որքանով կազդեն Թրամփի այդ երկու հայտարարությունները Ցզինպինի վրա, կպարզվի թերեւս բանակցության արդյունքում, որտեղ իհարկե բարդ հարցերը անշուշտ ոչ միայն Թրամփի համար են:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան