23.11.2024
Թուրքական լոլիկները չմարսած՝ շուկայում հայտնվեցին ադրբեջանական խնձորները. Ո՞վ է մեղավոր
prev Նախորդ նորություն

Վիեննայի և Պետերբուրգի միջև. Երևանն ու Բաքուն պատրաստվում են բանակցությունների

Մոսկվայում ապիլի 28-ին ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հարցազրույցով եւ փաստացի ուրվագծել բանակցություններից առաջ պաշտոնական Բաքվի մոտեցումներն ու վերահաստատել համակարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը:


Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:


Բաքուն պատրաստ է առարկայական բանակցությունների


«Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով այն մասին, թե ինչ մեսիջներով է պատրաստվում հանդես գալ Ադրբեջանն այդ հանդիպմանը: «Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը։


Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների մակարդակով հանդիպմանը կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ: Մամեդյարովը հավելել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկված քայլերն ու ծրագիրը, որը պետք է իրականացվի, հայտնի են բոլորին:


Մինչև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը անցյալ տարի ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական արյունալի իրադարձություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միջնորդների նախաձեռնությամն հանդիպեցին Վիաննայում և ձեռք բերեցին մի քանի պայմանավորվածություններ: Կողմերը հայտնեցին իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի հաստատման մասին 1994-95 թթ. կնքված պայմանագրերին, պայմանավորվեցին հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրաման եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների եւ մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման շուրջ:


Մամեդյարովի նշած Սանկտ Պտերբուրգի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերահաստատվեցին Վիեննայի պայմանավորվածությունները: Այնուհետեւ, սակայն, Բաքուն տարբեր առիթներով հայտարարեց, որ հրաժարվում է այդ պայմանավորվածությունների կատարումից:


Ո՞վ չի կատարում պայմանավորվածությունները


«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները և դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունները ուղղված էին բանակացություններում առաջընթացի պահովմանը: Միջազգային հանրությունը, ՄԽ եռանախագահները, Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ: Հենց Ադրբեջանն է հրաժարվում կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռքբերվեցին Վիեննայում, ապա նաև Սանկտ Պետերբուրգում»,- ամիսներ առաջ հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը, ով վստահ է` բանակցություններին այլընտրանք չկա:


Միեւնույն ժամանակ, ինչպես Մադրիդյան սկոզբունքները, այնպես էլ Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները (թեպետ համաձայնում են դրանց) հակամարտող կողմերը տարբեր կերպ են ընկալում: Մամեդյարովը նույն հարցազրույցում նշել է, որ կայուն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նոր իրավիճակում, երբ «փոփոխվի ներկա ստատուս-քվոն եւ վերանա օկուպացիայի փաստը»: «Հայաստանի զորքերի առակայությունն օկուպացված տարածքներում եւ ռազմական օկուպացիայի փաստը հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտներն են», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:


Հատկանշական է, որ Հայաստանը ստատուս-քվոյի փոփոխման իր դեղատոմսն է առաջարկում: Ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում այս տարվա մարտ մասին նախագահ Սերժ Սարգսյան հայտարարեց, որ ԼՂ հակամարտությա հարցում «ստատուս-քվոն կփոխվի, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: «Իրականում ստատուս-քվոն անընդունելի է: Մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում», - ասաց նա:


Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպմամբ Ռուսաստանը շարունակում է խաղալ առանքային դեր բանակցային գործընթացում։ Քաղաքագետի կարծիքով ԼՂ հակամարտության հարցում հետագա զարգացումները կախված կլինեն հարցից, թե արդյոք այս բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը կհամաձայնի վստահության մեխանիզմների ներդրմանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ «Եթե այս առումով դրական զարգացումներ լինեն, ապա կարող ենք ասել, որ հանդիպումը հաջող ընթացք է ունեցել, եթե ոչ, ապա՝ ոչ», - ասաց Սերգեյ Մինասյանը։


Քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ևս նշում է, որ մոսկովյան բանակցությունների հիմնական թեման կլինի հակամարտող կողմերի միջեւ վստահության մեխանիզմի ստեղծումը, ինչը ի չիք է դարձել ապրիլյան պատերազմից հետո: «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը ստանձնեց ակտիվ միջնորդի դեր: Հիմնական բանակցային խնդիրը վստահության մեխանիզմների ստեղծումն էր, այն, ինչի մասին Հայաստանը տարիներ շարունակ պնդում էր: Կարծում եմ, որ հիմա հանդիպումը որոշակիորեն ուղղված է լինելու այդ խնդիրներին: Դրանից բացի, կարծում եմ, որ որոշակի քննարկում կլինի սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վերաբերյալ»,-ասել է նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ բուն բանակցային գործընթացում ինչ-որ լուրջ տեղաշարժեր չի սպասում:


Լայն ռեգիոնալ համատեքստ


Դատելով տարբեր հայտարարություններից՝ Ռուսաստանն այս բանակցություններին պատրաստվում էր լրջորեն եւ բանավականին երկար ժամանակ: Հատկապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձույթունների եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների նոր սրացումների ֆոնին Հարավային Կովկասի կայությունը Մոսկվայի համար շատ կարեւոր է: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցն ապրիլի 11-ին Բաքու եւ մարտ ամսի կեսերին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասմիովի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազան հանդիսանում է «տարածաշրջանային անվտանգության երաշխավոր»:


Մինչեւ օրս ՌԴ ռազմաբազան համարվում էր միայն Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այս մոտեցումը դրված է 2010 թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազայի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրին կից կնքած նոր արձանագրության հիմքում: Թերեւս նորություն է ռուսական ռազմաբազայի գործառույթներին թեկուզ վերբալ առումով տարածաշրջանային անվտանգության երաշխավոր դիտարկելը: Սա, փորձագետների կարծիքով, ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո Ադրբեջանին ուղղված որոշակի մեսիջ է, քանի որ վերջինս, ռազմաճակատում իրավիճակը պարբերաբար շիկացնելով, շարունակում է սասանել տարածաշրջանային անվտանգության հիմքերը:


Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը