Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Կոչուբաևի կալանավորման պատճառով գործադուլ է հայտարարում
Фաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում է անժամկետ գործադուլ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու: