20.10.2025
Կարճ շանս և երկար տառապանք
prev Նախորդ նորություն

Փաշինյանի լռությունը. ի՞նչ թաքցրեցին արքեպիսկոպոսի հետ հանդիպումից

Նախօրեին կառավարությունում տեղի ունեցած մի հանդիպում հանրային շրջանում աշխուժացրեց Արամ Առաջինի թեման՝ ՀԱԵ շուրջ ստեղծված իրողությունների, մասնավորապես հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ձերբակալությունների առիթով:


Հիշեցնեմ, որ Անթիլիասից ժամանած Գերաշնորհ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, նրան փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը, նաեւ նվիրել վարչապետին Արամ Կաթողիկոսի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը:


Կառավարության հաղորդագրության մեջ ոչինչ չկար այն մասին, որ քննարկվել է նաեւ եկեղեցու թեման եւ Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել հոգեւորականների ձերբակալության առնչությամբ Արամ Առաջինի մտահոգությունը:


Քիչ ավելի ուշ, երբ կառավարության հաղորդագրությունից հետո առաջացել էր հանրային բավականին նկատելի բացասական արձագանք, Կիլիկիո Կաթողիկոսությունը տարածեց տեղեկություն՝ Արամ Առաջինի մտահոգությունը եւ դատապարտումը վարչապետին փոխանցելու մասին:


Բարդ է ասել, այն իսկապե՞ս փոխանցվել է, թե՞ դա Հայաստանի հանրային բացասական արձագանքին եւ հարցադրումներին Անթիլիասի օպերատիվ տեղեկատվական արձագանքի արգասիք է միայն:


Բոլոր դեպքերում, Արամ Առաջինի հարցն իհարկե առանցքային է, իսկ Կիլիկիո Կաթողիկոսության գահակալ Վեհափառը գտնվում է թերեւս շատ կարեւոր ճամփաբաժանում:


Պետք է անշուշտ չլինել պատրանքների մեջ եւ արձանագրել, որ այդուհանդերձ խոսքը մեկ այլ կաթողիկոսական գահի մասին է, որի գահակալը ունի իր սուբյեկտության շրջանակը, դրանից բխող հաշվարկները, հարաբերությունները, նաեւ՝ հավակնությունները:


Այդ ամենը մեղմ ասած կարող են առաջացնել գայթակղությունների ռիսկ, որոնց վրա, ի դեպ, կարող է խաղալ նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ Արամ Առաջինի դիրքորոշումը «ուղղորդելու» հարցում:


Առավել եւս, պետք չէ մոռանալ էական հանգամանքներից մեկը՝ Արամ Վեհափառը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է եւ կարծես թե այդ կարգավիճակի ժամկետը լրանում է միայն 2027 թվականին:


Հետեւաբար, Հայ Առաքելական եկեղեցու հարցում մեծ խաղի մեջ մտած Նիկոլ Փաշինյանի համար շատ էական է նաեւ, թե ինչ տրամադրություններ կլինեն համաշխարհային դավանական այդ «կորպորացիայում»:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Իշխանության բիրտ ուժը. բռնապետություն՝ ժողովրդավարության փոխարեն
Հաջորդ նորություն next