ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ձկնամթերքի ներկրումը Հայաստանից
Լուսանկարը` ՌԲԿ
Հունիսի 2-ից Հայաստանը դադարեցնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը տեղական գրեթե բոլոր ընկերությունների համար՝ բացառությամբ ստուգումները հաջողությամբ անցած երկու ձեռնարկությունների։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ նման որոշման հիմք են հանդիսացել մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան ձկնավերամշակման և իշխանի բուծման տնտեսություններում իրականացված տեսչական ստուգումները։ Հատկանշական է, որ հայկական ձեռնարկությունների ուղիղ կեսը հրաժարվել է մասնակցել այդ ստուգումներին, ինչն էլ հանգեցրել է արտահանման իրավունքի կասեցմանը՝ մինչև ստեղծված իրավիճակի վերջնական կարգավորումը։
Գործող սահմանափակումներից զերծ մնացած երկու ընկերություններին թույլատրվելու է շարունակել մատակարարումները Ռուսաստան, սակայն նրանց արտադրանքի ներկրումը կիրականացվի բացառապես անվտանգության ցուցանիշների լաբորատոր մշտադիտարկման պայմանով։
Մայիսին Ռուսաստանը սահմանափակել է մի շարք ապրանքների ներկրումը Հայաստանից։ Սահմանափակումների թվում են հայտնվել գյուղատնտեսական արտադրանքը, ծաղիկները, ինչպես նաև որոշ գինիներ և կոնյակներ։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ այդ ապրանքների հիմնական ծավալը Ռուսաստանը լրացնում է սեփական ուժերով, ուստի Հայաստանի նկատմամբ սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա ռուսական շուկաների վրա