Հայաստանը չի լքի ԵԱՏՄ-ն, բայց կշարունակի դիվերսիֆիկացիան. Նիկոլ Փաշինյան
Լուսանկարը` pastinfo.am
Չնայած արտաքին առևտրային կապերի դիվերսիֆիկացման ակտիվ քաղաքականությանը՝ Երևանը չի նախատեսում լքել Եվրասիական տնտեսական միությունը, այլ մտադիր է առավելագույնս օգտագործել կառույցի պոտենցիալը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով տարանցիկ նոր հնարավորություններն ու ինտեգրացիոն միավորման անդամ պետությունների հետ համագործակցության հեռանկարները։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կառավարության ղեկավարը հստակ նախանշել է երկրի տնտեսական ուղեգիծը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես ազգային շահերի պաշտպանության կարևոր գործիք, որը հանրապետության ղեկավարությունը մտադիր է օգտագործել պրագմատիկ, հանդարտ և գործընկերային մթնոլորտում՝ ծագող բոլոր հարցերը լուծելու համար:
Դրան զուգահեռ Երևանն ակտիվորեն իրականացնում է ներմուծման և արտահանման հոսքերի դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչն արդեն իսկ ապահովում է ապրանքաշրջանառության շոշափելի աճ տարբեր ուղղություններով։ Այս համատեքստում նշանակալի քայլ էր հայկական արտահանողների համար Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը։ Առաջիկայում նախատեսվում են բիզնես-պատվիրակությունների այցեր՝ նոր սպառման շուկաները մանրամասն ուսումնասիրելու նպատակով, որոնց նկատմամբ արդեն իսկ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում արտասահմանյան գործընկերները։
Վարչապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բուն Եվրասիական տնտեսական միության ներսում չիրացված ներուժին, մասնավորապես՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրային հարաբերություններին։ Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ներառյալ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը, լայն հեռանկարներ է բացում երկկողմ ապրանքաշրջանառության մեծացման համար։ Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են. երթուղու գործարկմանը զուգահեռ՝ Երևանը պայմանագիր է կնքել ղազախական հացահատիկի ներմուծման վերաբերյալ։
Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունները հնչել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին մեկնաբանությունների ֆոնին, ըստ որի՝ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկման առարկա է դառնալու ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել միության կազմում Հայաստանի մնալու հարցում՝ միաժամանակ նախազգուշացնելով այն հնարավոր բարդությունների մասին, որոնք կարող են ի հայտ գալ Եվրոպական ինտեգրման ուղղությամբ Երևանի որդեգրած քաղաքականության ֆոնին։