4.06.2026
Լուսանկարը` ՌԲԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է մաքսատուրքերի նվազեցման հարցը. Միրզոյան

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հայաստանի կառավարությունն ընդլայնել է արտահանման պետական աջակցության ծրագիրը՝ դրանում ներառելով առաջնային գյուղմթերք արտադրողներին, ինչին զուգահեռ դիվանագիտական բանակցություններ են ընթանում Բրյուսելի հետ՝ հայկական ապրանքների համար մաքսային արտոնություններ սահմանելու շուրջ։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի պարզաբանմամբ՝ 2025 թվականից գործող ծրագրում կատարվել են ռազմավարական փոփոխություններ։ Եթե նախկինում դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանման մաքսատուրքերի ամբողջական փոխհատուցումը վերաբերում էր միայն մշակող արդյունաբերությանը, ապա այժմ պետությունը պատրաստ է ամբողջությամբ հոգալ նաև թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման մաքսային ծախսերը։


Փոխնախարարն ընդգծել է, որ ինտենսիվ այգեգործության ու բարձր տեխնոլոգիական ջերմատների շնորհիվ Հայաստանն այսօր արտադրում է միջազգային ստանդարտներին համապատասխանող մրցունակ արտադրանք, իսկ ծրագրի նախորդ փուլն արդեն իսկ ապահովել է պահածոների ու հյութերի արտահանման շուրջ 40 տոկոս աճ։


Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հայկական արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով ակտիվ քննարկումներ են ընթանում եվրոպական գործընկերների հետ։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ակնկալվում է, որ ԵՄ-ն իր հերթին որոշակի քայլեր կձեռնարկի մաքսատուրքերի վերանայման ուղղությամբ։ Նախարարը հույս է հայտնել, որ այս երկխոսությունն առաջիկայում կպսակվի հաջողությամբ, ինչը տեղական արտահանողների համար նոր հեռանկարներ կբացի արևմտյան շուկաներում։


Ռուսաստանում հունիսի 2-ից ուժի մեջ է մտնում Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրման ժամանակավոր արգելքը, հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։ Սահմանափակումների տակ են հայտնվել բալը, կեռասը, ծիրանը, սալորը, դեղձը, նեկտարինը և թարմ խաղողը՝ իբրև թե «մատակարարումների ժամանակ հաճախակիացած խախտումների» պատճառով։ Սա վերջին շաբաթներին հայկական արտահանման դեմ Ռուսաստանում սահմանված առաջին արգելող միջոցը չէ։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել էր Հայաստանից ձկան և ձկնամթերքի ներկրումը՝ բացառություն անելով միայն ռուսական տեսչական ստուգումն անցած երկու ձեռնարկությունների համար։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծաղիկների, հանքային ջրի, կոնյակի, գինու, բանջարեղենի և ելակի ներկրումը։


Ռուսաստանի ղեկավարությունն ավելի վաղ բացահայտորեն մատնանշել էր Բրյուսելի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ եվրոպական կառույցների հետ մերձեցումն անխուսափելիորեն համակարգային բարդություններ կստեղծի հանրապետության համար եվրասիական տարածքում։


Իրավիճակն ակնառու կերպով սրվեց մայիսի վերջին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում, որտեղ միավորման գործընկերները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Երևանին հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կողմնորոշելու համար։


Ավելին, միության անդամները նախաձեռնել են հատուկ զեկույցի պատրաստում՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ, որը նախատեսվում է ներկայացնել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստին։ Չնայած աճող դիվանագիտական ճնշմանը՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Երևանի մտադրությունը՝ շարունակելու պլանավորված ու հանգիստ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում այնքան ժամանակ, քանի դեռ երկու տնտեսական բլոկների միջև աշխարհաքաղաքական ընտրությունը չի դարձել լիովին անխուսափելի:

 Լուսանկարը` mfa.am
04.06.2026
Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է մաքսատուրքերի նվազեցման հարցը. Միրզոյան