3.09.2026
Առաջին արտահանումը Հայաստանից Ադրբեջան. Փաշինյանը հաստատել է գործարքը
prev Նախորդ նորություն

Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման բոլոր հասանելի տարբերակները՝ առաջնահերթությունը տալով անվտանգային և տնտեսական չափանիշներին, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախասիրություններին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Երևանը նախապատվությունը տալիս է մոդուլային տեխնոլոգիաներին, սակայն թույլ չի տա երկիրը վերածել դեռևս քաղաքացիական փորձարկում չանցած ռեակտորների փորձարկման հարթակի:


Սեպտեմբերի 3-ի կառավարական ճեպազրույցի ժամանակ գործադիրի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը փնտրում է լավագույն առաջարկը՝ հաշվի առնելով գինը, հետգնման և կառուցման ժամկետներն ու ֆինանսավորման սխեմաները։ Ընդ որում, ռուսական նախագծերը, այդ թվում՝ մոդուլային կայանների մասով, շարունակում են մնալ բանակցային օրակարգում։


«Մենք իսկապես պետք է հարցը քաղաքականից դուրս դնենք և բովանդակային տեխնիկական, տնտեսական, ֆինանսական նյուանսների վրա կենտրոնանանք», - հայտարարել է Փաշինյանը։ Նա հորդորել է հանրությանը ձերբազատվել ծայրահեղ կարծրատիպերից. «Այդ ընկալումը, որ վայ եթե ռուսական է, մենք չենք ուզում, կամ վայ եթե ռուսական է, մենք միայն դա ենք ուզում... դրանից պետք է դուրս գալ»:


Մոդուլային կայաններ և տեխնոլոգիական ռիսկեր: Որպես մոդուլային ԱԷԿ-ի գլխավոր առավելություն՝ վարչապետը մատնանշել է բարձր անվտանգությունը, երբ հնարավոր միջադեպերը կրում են խիստ տեղային բնույթ և անգամ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրի տարհանման անհրաժեշտություն չեն առաջացնում։ Այնուամենայնիվ, կառավարությունը գիտակցում է աշխարհում նման ռեակտորների լիցենզավորման բացակայության ռիսկերը, ուստի ժամանակը հնարավորինս ձգում է՝ վերջնական որոշումը տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կայացնելու համար։


«Եթե մեր որոշման ամենավերջին պահին պարզվի, որ աշխարհը չունի այդ հարցի պատասխանը, մենք ո՞նց ենք որոշում կայացնելու. Հայաստանի Հանրապետությունը փորձադաշտ չէ», - շեշտել է կառավարության ղեկավարը։


Նոր նախագծի քննարկումներին զուգահեռ՝ իշխանությունները ծրագրում են առաջիկա տարվա ընթացքում ինտենսիվացնել աշխատանքները գործող Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 2036 թվականից հետո երկարաձգելու ուղղությամբ։ Ըստ Փաշինյանի՝ ժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը հիմնավոր հույս է ներշնչում, որ կայանի ռեսուրսը հնարավոր կլինի անվտանգ կերպով երկարաձգել ոչ միայն մեկ, այլև հնարավոր է՝ երկու անգամ, պայմանով, որ այն ամբողջությամբ համապատասխանի անվտանգության լավագույն միջազգային չափանիշներին։

 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին