4.09.2026
Բաքվում պահվող հայ գերիները գրեթե զրկված են արտաքին աշխարհի հետ կապից
prev Նախորդ նորություն

Աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ»-ն կներկայացվի Երևանում

Սեպտեմբերի 14-ից 28-ը Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։


Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։


«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:


«Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի և բարոկո երաժշտության տպավորիչ հանդիպում է։ «Լը Կոնսեր դը լ’Օտել Դյո» համույթի երաժիշտների հետ պարողները բացահայտում են իտալական տարանտելաների և ֆոլիաների ժողովրդական ռիթմերը, որոնք միահյուսվում են էլեկտրոնային հնչյուններին։


Բեմում ազատորեն հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններ և գեղարվեստական լեզուներ։ Հիփ-հոփը երկխոսում է ժամանակակից ու դասական, ինչպես նաև պտտվող դերվիշների պարերի հետ, իսկ երաժիշտներն ու սոպրանոն դառնում են խորեոգրաֆիայի լիարժեք մասնակիցներ։


Գեղարվեստական ձևերի բազմազանությամբ «Ֆոլիան» հրավիրում է հաղթահարելու սահմաններն ու կարծրատիպերը։ Կատարողների վարպետության և երաժշտության հմայող ուժի շնորհիվ ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է տեսողական, զգայական և գունեղ աշխարհ։


Մուրադ Մերզուկին հայ հանդիսատեսին հայտնի է Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, «Քոչար 360» պերֆորմանսով և անցյալ տարի «Թէատրոն» կատարողական արվեստենրի միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում Երևանում ցուցադրված «Պիկսել» ներկայացմամբ:

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն գրանցվել է ՄԻԵԴ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին