4.09.2026
Առաջատար բուհերի շրջանավարտները կարող են ազատվել պարտադիր ծառայությունից. ԿԳՄՍՆ
prev Նախորդ նորություն

Սիրանուշ Սահակյան. Վարդանյանի սոցիալական ծրագրերն էլ են ներկայացվել որպես հանցանք

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատավճռում որպես հանցավոր գործունեություն են ներկայացվել նաև Վարդանյանի սոցիալական նախաձեռնությունները, այդ թվում՝ Արցախում հարսանիքի ֆինանսավորումը։


Մամուլի ասուլիսի ժամանակ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքները չեն հիմնավորվել կոնկրետ փաստերով կամ ապացույցներով։


«Դատավճռում չկա որևէ կոնկրետ հրաման, որը Ռուբեն Վարդանյանը տվել է սպանության, խոշտանգման, տեղահանության կամ խաղաղ բնակչության վրա հարձակման վերաբերյալ»,– նշել է նա։


Սահակյանի խոսքով՝ դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամբողջ դատավարության ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ և աննախադեպ խախտումներ։ Նրա գնահատմամբ՝ գործընթացը եղել է ֆարս, իսկ դրա արդյունքում կայացված դատավճիռը չի կարող համարվել լեգիտիմ։


Նա ընդգծել է, որ դատավճռում առկա են ոչ միայն իրավական և բարոյական նորմերի խախտումներ, այլև եզրահանգումներ, որոնք, իր գնահատմամբ, դուրս են ողջամտության և առողջ դատողության սահմաններից։


Սահակյանը նշել է, որ Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ դրվագներ և մեղադրանքներ։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունները։ Դատավճռում նշվում է, որ այդ օրը հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և ներկայացված ցուցմունքներից մեկի հիման վրա այդ դրվագը ևս վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, թեև, Սահակյանի խոսքով, չի ներկայացվել նրա անմիջական մասնակցությունը հաստատող ապացույց։


Նրա խոսքով՝ որպես հանցավոր գործունեություն են որակվել նաև Ռուբեն Վարդանյանի սոցիալական ծրագրերը։


«Վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այդ հարսանիքի կնքահայր լինելը նույնպես ներկայացվել է որպես հանցավոր գործունեություն»,– ասել է Սահակյանը։


Նա նաև հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան։


 


 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին