Ավելի քան 15 հազար արցախցի լքել է ՀՀ, սակայն առաջին անգամ վերադարձի միտում է նկատվում
Լուսանկարը` Yerevan today
ԼՂ-ից բռնի տեղահանումից երկու տարի անց Հայաստանում արցախահայության ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Ավելի քան 15 հազար մարդ, ովքեր ապաստան էին գտել Հայաստանում, հետագայում լքել են երկիրը և դեռ չեն վերադարձել։ Սակայն վերջին տվյալները վկայում են փոքր, բայց հուսադրող միտման մասին․ երկար ժամանակ անց առաջին անգամ վերադարձողների թիվը փոքր-ինչ գերազանցել է մեկնողների թվին, ինչը կարող է կապված լինել նոր իրողություններին հարմարվելու և ինտեգրմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ քաղաքացիության ձեռքբերման հետ։
Ըստ պաշտոնական վիճակագրության, որը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տրամադրել է CivilNet-ին, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 44,566 բռնի տեղահանված արցախցի, իսկ վերադարձել՝ 28,785-ը։ Այսպիսով, Հայաստանը լքած և չվերադարձած արցախցիների թիվը կազմում է 15,781 մարդ։ Հատկանշական է, որ այս ցուցանիշը 174-ով պակաս է նախորդ ամսվա համեմատ, երբ այն հասնում էր 15,955-ի, ինչը վկայում է վերջին ամսվա ընթացքում միգրացիայի փոքր դրական հաշվեկշռի մասին։
Դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն ընկած համեմատաբար կայուն շրջանից հետո, երբ չվերադարձողների թիվը պահպանվում էր 11-12 հազարի սահմաններում, 2025-ի մայիսից սկսվեց արտագաղթի նոր ալիք։ Այս աճը, որով մեկնողների թիվն ավելացավ շուրջ 4-5 հազարով, ժամանակային առումով համընկավ «40+10 հազար դրամ» սոցիալական աջակցության պետական ծրագրի դադարեցման և միայն խոցելի խմբերի համար նպատակային օգնությանն անցնելու հետ։ 2023-ի դեկտեմբերից մինչև 2025-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ամսական միջին հաշվով Հայաստանը լքում և չէր վերադառնում շուրջ 457 արցախցի։
Արտագաղթի գործընթացներին զուգահեռ ընթանում է նաև ինտեգրացիան։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17,612 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, և նրանցից 12,064-ն արդեն ստացել է այն։ Հարկ է հիշեցնել, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ՝ բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 150,000 մարդ, ստացել են փախստականի կարգավիճակ և գտնվում են Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո։