Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ
Լուսանկարը` hetq.am
Հայաստանում ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամը, որը կոչված է օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, այս նախաձեռնությունը ծնվել է «ոչ թե գաղափարից, այլ կարիքից», քանի որ պետական աջակցությունը կրճատվում է, իսկ գործող ծրագրերը չեն լուծում խոցելի ընտանիքների հրատապ խնդիրները։ Հիմնադրամը օգնության կոչով դիմում է հանրությանը, գործարարներին և երկրի նախկին ղեկավարներին։
Ըստ Իսկանդարյանի՝ հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել զոհվածների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև 2023 թվականի բենզալցակայանի ողբերգական պայթյունի հետևանքով տուժած ընտանիքներին։ Պետնախարարն իր մտահոգությունը հայտնեց կառավարական աջակցության ծրագրերի կրճատման կապակցությամբ․ հուլիսի 1-ից «40+10» ծրագիրը դարձել է 30 հազար դրամ և գործելու է միայն մինչև տարեվերջ, իսկ հետագա հեռանկարն անորոշ է։ Նա նաև խիստ քննադատության ենթարկեց բնակարանային ծրագրերի կառուցվածքը, որոնք, ըստ նրա, թույլ չեն տալիս տանիքով ապահովել փոքր կազմով՝ մեկ, երկու կամ երեք անդամից բաղկացած ընտանիքներին։
Իսկանդարյանն ընդգծեց, որ այս խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումներում, սակայն տրված խոստումները մնացել են անկատար։ Ավելին, նա հայտնեց նոր մարտահրավերների մասին, ինչպիսիք են խարդախության դեպքերը, երբ տեղահանված անձանցից խաբեությամբ գումարներ են կորզել՝ բնակարան խոստանալով։ Առանձին անդրադարձ կատարվեց պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի հարցին․ չնայած դատարանի վճռին, որով միջադեպը ճանաչվել է պատերազմի հետևանք, կառավարությունը մինչ օրս չի լուծել այս հարցը։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նժդեհ Իսկանդարյանը համախմբման կոչ արեց։ Նա հորդորեց հայ հասարակությանն ու սփյուռքին, որոնց համար «արցախցիների ցավն իրենց ցավն է», սատար կանգնել հայրենակիցներին։ Առանձին կոչ ուղղվեց արցախցի գործարարներին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև խոշոր բարերարներին, ինչպիսիք են Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ խնդրելով աջակցել նորաստեղծ հիմնադրամին։ Պետնախարարն իր ելույթն ավարտեց տագնապալի հայտարարությամբ, թե առանց արտակարգ օգնության որոշ ընտանիքներ փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած։