13.10.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Փաշինյանն է մերժել Ղարաբաղի հարցով «միակ հնարավոր» պլանը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել կոշտ քննադատությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան և հայ «առավելապաշտ» այլ ղեկավարների մեղադրելով «խաղաղության միակ հնարավոր պլանը» տապալելու մեջ։ Ըստ Զուրաբյանի՝ այդ ծրագիրը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի առկախում, ինչին, նրա պնդմամբ, համաձայն էր նաև Ադրբեջանը։


Իր հայտարարության մեջ ՀԱԿ ներկայացուցիչը զուգահեռ է անցկացրել նախկին իշխանությունների հետ՝ նշելով, որ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին»։ Զուրաբյանը գործող վարչապետին մեղադրել է այն բանում, որ վերջինս 2019 թվականին հրաժարվել է անգամ բանակցություններից՝ դրանով իսկ Հայաստանը տանելով դեպի «կործանարար պատերազմի»։ Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ դա արվել է Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարության շրջանակում, ինչը նա գնահատել է որպես ազգային շահերի դավաճանություն։ «Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին», – հարցադրում է արել Զուրաբյանը։


Այս հայտարարությունը պատասխան էր Նիկոլ Փաշինյանի վերջերս տարածած տեսաուղերձին, որում նա հռետորական հարց էր ուղղել իր նախորդներին։ Վարչապետը հետաքրքրվել էր, թե ինչու ՀՀ նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող «հոյակապ լուծումները»։ Փաշինյանն առաջարկել էր պատասխանի երկու հնարավոր տարբերակ․ կա՛մ նրանք «ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկրների շահերին», կա՛մ նրանց այսպես կոչված լուծումները «պարզապես քաղաքական խաբեություն են, և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»։

Լուսանկարը` AlphaNews
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ