Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 16-ի ճեպազրույցում հաստատեց, որ Եգիպտոսում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ նրա՝ երկխոսությունը կրել է աշխատանքային բնույթ, և դրա առանցքում եղել է նախկինում արված հայտարարությունների դրույթների քննարկումը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ իրենց շփումները պարբերական բնույթ են կրում, հատկապես օգոստոսի 8-ի խաղաղության հաստատումից հետո։ Նա ընդգծեց, որ հանդիպման արդյունքներով որևէ նոր հրապարակային հայտարարության բացակայությունը նշանակում է, որ կողմերը շարունակում են աշխատանքային քննարկումները՝ արդեն իսկ գոյություն ունեցող օրակարգի շրջանակում։ «Քանի դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել, նշանակում է, որ աշխատանքային քննարկում է տեղի ունենում արդեն իսկ նախկինում արված հայտարարությունների շրջանակում», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին գտնվում էր Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում, որտեղ մասնակցում էր Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այցը կայացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, որի շրջանակում էլ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցը։