Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն շարունակում է դրա համար նախապայմաններ առաջադրել։
Հոկտեմբերի 26-ին Բաքվի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, իսկ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից։
«Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից։ Հայաստանի հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք երեսուն տարի չեն կարողացել վերադառնալ իրենց ծննդավայր»,- հայտարարել է Հաջիևը՝ ելույթ ունենալով «Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակ» միջոցառմանը։ Նրա խոսքերը փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ վստահեցրել է, որ Բաքուն ռևանշի մտադրություն չունի, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր ու նախաձեռնություններ։
«Մեր պատմության, մեր ընդհանուր հիշողության մեջ հայ ժողովրդի հետ կապված որոշ մութ էջեր կան։ Մենք անցյալը չենք ջնջում, սակայն ապագային նայում ենք խաղաղության ճանապարհով»,- ասել է Հաջիևը՝ ընդգծելով ժողովուրդների միջև վստահության վերականգնման կարևորությունը։
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինքնին բավարար չէ, և անհրաժեշտ է, որ այն իրական փոփոխություններ բերի մարդկանց կյանքում։ Հաջիևը խաղաղության գործընթացում նախաձեռնող դերակատարությունը վերագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նույն օրը Բաքվում Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը, սակայն շարունակում է հետևել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներին։
Բայրամովի խոսքով՝ հայկական կողմը համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, մինչդեռ Ադրբեջանն անցած տարվա ընթացքում մի շարք միակողմանի քայլերով ցուցադրել է խաղաղության գործընթացին իր հանձնառությունը։
«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- հայտարարել է նախարարը։
Միաժամանակ նա կրկնել է Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ համաձայնագրի վերջնական ստորագրման համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը։ Բայրամովի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունները բխում են նաև Հայաստանի իշխանությունների շահերից։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղման հարցի լուծումը։ Բաքուն պնդում է, թե 1990 թվականի հռչակագրի որոշ դրույթներ տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երևանը մերժում է այդ մեկնաբանությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ դրա փոփոխությունը երկրի ներքին գործն է և Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Նույն օրը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովում՝ TRIPP նախագծի շրջանակում։
Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ խաղաղության համաձայնագիրը դեռ վերջնականապես չի ստորագրվել։